Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացավ որոշում կայացնելու (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։

Հիշեցնենք՝ վաղը լրանում է Խաչատրյանին նախնական կալանքի տակ պահելու առավելագույն 1 տարի ժամկետը, ինչը ենթադրում է, որ  եթե դատարանը մինչ այդ խափանման միջոցի վերաբերյալ որոշում չկայացնի, ապա Խաչատրյանը պետք է ազատ արձակվի։

Գործով դատախազ Գևորգ Սարգսյանը միջնորդեց անփոփոխ թողնել Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը:

Նրա պնդմամբ՝ ազատության մեջ լինելու պարագայում  Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից,  խոչընդոտել գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա  անօրինական ճնշում գործադրել։

Դատախազի պնդմամբ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելու հանգամանքով պայմանավորված՝ էականորեն բարձրացել է նաև  Գագիկ Խաչատրյանի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական պատասխանատվությունից՝ ենթադրյալ պատիժ կրելուց խուսափելու հավանականությունը․

«Հարկ է նկատել, որ  Գագիկ Խաչատրյանի կողմից  քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն արդեն իսկ թաքնվում են քննությունից և գտնվում հետախուզման մեջ: Միաժամանակ պետք է նշենք, որ մեղադրական եզրակացությամբ գործը դատարանում գտնվելու և ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար ակնկալվող պատժի խստությամբ պայմանավորված քրեական վարույթի ներկա փուլում էականորեն բարձրացել է Գագիկ Խաչատրյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական պատասխանատվությունից և նշանակված պատժից խուսափելու հավանականությունը»։

Դատախազը նաև պնդեց, որ Խաչատրյանը ազատության մեջ գտնվելու դեպքում իր ունեցած կապերն ու ֆինանսական ռեսուրսները կարող է օգտագործել՝ գործի քննությանը խոչընդոտելու, գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու համար․

«ՊԵԿ-ում և Ֆինանսների նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքով պայմանավորված՝ Գագիկ Խաչատրյանը բարձր հեղինակություն և ազդեցություն ունի ինչպես նախկին ծառայակիցների շրջանում, այնպես էլ այլ անձանց շրջանում: Այս հանգամանքները նույնպես բարձրացնում են անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությունը խոչընդոտելու հավանականությունը»:

Պաշտպանական կողմը իր հերթին պնդեց, թե Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում՝ զրկելով նրան պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից․

«Անհերքելի փաստ է, որ եթե առկա է խոշտանգման, վատ վերաբերմունքի իրադարձություն, ապա ընդհանրապես որևէ նշանակություն չունի կալանքի հիմքեր առկա են, թե ոչ, որովհետև սա ավելի բարձր արժեք է և այս դեպքում պետք է բացառվի խոշտանգումը և վատ վերաբերմունքը»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ  2019 թվականի փետրվարին Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել  Հայաստան, ներկայացել է  վարույթն իրականացնող մարմնին:

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ առանց որոշման հրապարակման օր եւ ժամ հայտնելու: Գագիկ Խաչատրյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով: