Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gandzasar
A A
Սպորտ

«Գանձասար-Կապան» ՖԱ անձնակազմը որոշել է դադարեցնել ելույթները՝ հանուն Արցախի

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան էջում հրապարակած բաց նամակում հայտնել է, որ թիմը ժամանակավորապես դադարեցնում է ելույթները։ Ահա նամակի բովանդակությունը։

«Բաց նամակ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին

Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։ 

ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։

Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի  հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։ 

Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:

Հարգանքներով՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»։