Չեմպիոնների լիգա. Մխիթարյանի նախկին թիմի խոշորագույն սայթաքումը, «Ռեալի» ավագի նոր նվաճումը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի առաջին հանդիպումները:
Ամենամեծ անակնկալը գրանցվեց Կիևում, որտեղ Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» վեց անպաստախան գոլ բաց թողեց գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմն իր պատմության մեջ սեփական դաշտում նման խոշոր հաշվով պարտություն դեռ չէր կրել: Նշենք, որ գերմանական «Բավարիան» նախկինում 7:0 հաշվով ջախջախել էր «հանքափոր» ֆուտբոլիստներին, սակայն սեփական պատերի օգնությամբ:
Այս պարտությունից հետո «Շախտյորն» իր խմբում առաջին տեղը զիջեց հենց «Բորուսիային», որը վաստակել է 5 միավոր: Ուկրաինայի չեմպիոնն առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը, քանի որ նրան հավասարված «Ռեալը», որը այս տուրում 3:2 հաշվով առավելության է հասել Միլանի «Ինտերի» նկատմամբ, դեռևս զիջում է անձնական խաղում (2:3): Մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսն այդ խաղում խփել է իր կարիերայի թվով 100-րդ գոլը:
Ընտրական A խմբի առաջատար «Բավարիան» Ավստրիայում 6:2 հաշվով ջախջախել է «Ռեդ Բուլ Զալցբուրգին» և տարել երրորդ անընդմեջ հաղթանակը: Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ և մեկ միավորով առաջ անցել վերջին տեղում գտնվող Ավստրիայի չեմպիոնից:
C խմբում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը սեփական դաշտում երեք անպատասխան գնդակ է ուղարկել Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսի» դարպասը: Այստեղ երկրորդ տեղ է բարձրացել Պորտուգալիայի «Պորտուն», որն իր հարկի տակ նույն 3:0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Մարսելին» և վաստակել 6 միավոր:
D խմբում բացահայտ ֆավորիտը անգլիական «Լիվերպուլն» է, որն այս տուրում հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է իտալական «Ատալանտային» և տոնել երրորդ հաղթանակը՝ խփելով ութ անպատասխան գնդակ: Զուգահեռ ընթացող մյուս խաղում Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել դանիական «Միդտյուլանդին», վաստակել է 4 միավոր և հավասարվել «Ատալանտային»:
Այսօր տեղի կունենան տուրի մնացած ութ հանդիպումները: Կենտրոնական խաղում «Բարսելոնան» կընդունի Կիևի «Դինամոյին»: