Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային» (տեսանյութ)

«Հայաստանը մարդու իրավունքների միջազգային դատարան կարող է դիմել մի քանի կետով՝ մարդու իրավունք, քրեական և հումանիտար իրավունք»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանը մինչև հինգ կամ վեց հիմքով ապացույցներ կարող է հավաքել․

1․ Գերիներ։

2․ Հեռահար ռմբակոծություն խաղաղ բնակչությանը, այս կետով կարող է նաև Ադրբեջանը ներկայացնել Գյանջայի դեպքով և այլն։

3․ Դիերի փոխանակությունից հետո պարզ կլինի եղել են դիակապտություններ, թե ոչ և այս մասով ևս, եթե լինեն դեպքեր, կարող ենք դիմել։

4․ Ռազմագերիների գնդակահարություն։

5․ Կարող ենք դիմել նաև ռասիզմի հիմքով

6․ Պատերազմը վարելու կանոնների խախտում՝ անթույլատրելի զենքի կիրառում, կամ կիրառման եղանակների խախտում։

Սակայն այս ամենը հավաքելու և դիմելու համար մասնագետի խոսքով՝ մեզ մի քանի տարի է պետք։

Վարձկանների հանգամանքի պարագայում ի՞նչ իրավական պատասխանատվություն է սպասվում․  միջազգային իրավունքի մասնագետ  Արա Խզմալյանի խոսքով՝ այս մասում պետք է ապացուցողական բազան լավ լինի․ «Մենք ունենք ահաբեկիչների ֆինանսավորման ապացույց, ինչը նախնական հիմք կարող է հանդիսանալ Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասով ավելի լոկալ է լինելու»,- ասում է նա։ Արա Ղազարյանն էլ կարծում է, որ երկու կալանավորված անձի առկայությունը կարող է բավարար չլինել միջպետական գանգատ ներկայացնելու համար․ «Ռուսաստանը և Ֆրանսիան ասել են, որ ունեն ապացույցներ վարձկանների մասնակցության մասին, մենք ունենք երկու կալանավորված անձ, ովքեր վկայություններ են տվել, բայց դա բավական չէ միջպետական գանգատի համար, այս բոլորը կարող են օգտագործվել որպես լայն կոնտեքստ՝ հիմնավորելու էթնիկ զտումը որպես պատերազմի միջոց օգտագործելը»,-նշում է նա։

Ի՞նչ քրեական պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը․ Գործնականում այս պահին Արա Խզմալյանը սա բացառում է, քանի որ նրանք ունեն անձեռնմխելիություն, իսկ Միջազգային քրեական դատարանի դռները ,նրա խոսքով՝ գործնականում փակ են մեզ համար․ «Մեզ մնում է հնարավորինս ապացուցողական բազա ձևավորել առանձին անհատների մասով, որոնք մասնակից են եղել յաս կամ այն հանցանքին և 3-րդ՝ հնարավորինս չեզոք երկրում հայտնվելու պարագայում փորձել հասնել նրանց ձերբակալման կամ տեղում դատավարմանը»,- ասում էԱրա Խզմալյանը։