Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կ․Ղազարյանի գործը 2.5 տարի է վարում եմ ՄԻԵԴ-ում,բայց չեմ իմացել, որ փոխանակվում է. Ա.Ղազարյան (տեսանյութ)

«Ադրբեջանը վարում է սողացող պատերազմ և դրա պատճառը մասամբ նաև այն է, որ խաղաղապահների մանդատը նեղ է, նման նեղ  մանդատով խաղաղապահ առաքելությունը նման խնդիրներ մշտապես կունենա»,-«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին այս տեսակետն է հայտնում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ գերիների հարցում որոշիչ են քաղաքական գործընթացները և պետք է որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները, թեև Ադրբեջանը հիմա ձգձգում է։

Ղազարյանի խոսքով՝ իշխանությունները վախենում են ժողովրդի դժգոհության ավելացումից, դրա համար ինֆորմացիան չեն տրամադրում ամբողջ ծավալով։

Հարցին, թե խաղաղ պայմաններում գերեվարվածներն արդյո՞ք համարվում են ռազմագերիներ, Ղազարյանն ասում է՝ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, պատերազմը շարունակվում է, թեև գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է

«Հաշվի առնելով այն, որ նրանք զինվորականներ են և գտնվում են հատման գծում, այսինքն՝ պատերազմի ակտիվ գործողությունների վայրում, հետևաբար՝ այո, նրանք ռազմագերիներ են»։

Ինչ վերաբերում է «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքին, մասնագետը հիշեցնում է՝ երբեք չի հայատարարվել՝ քանի գերի ունենք և քանիսն են առաջիկայում պատրաստվում փոխանակվել, երկու կողմից էլ այս ինֆորմացիան թաքցվում է

«Եթե վերցնենք իրավունքի տեսանկյունից, մարդիկ իրավունք ունեն տեղեկացված լինելու, դա արդեն մարդու իրավունք է, մյուս կողմից կարող են հակադարձել, որ գուցե դա կարող է բանակցությունների արդյունավետությունը վտանգել»։

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմումներին, Ղազարյանն ասում է՝ ՄԻԵԴ-ի որոշումները ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության առումով բավականին մեծ նշանակություն կարող են ունենալ, իսկ վերադարձի հարցը կախված է բանակցություններից, որտեղ այդքան էլ հաշվի չեն նստում ՄԻԵԴ-ի որոշումների հետ

«Գերեվարված Կարեն Ղազարյանի գործը արդեն 2,5 տարի վարում եմ Եվրոպական դատարանում, հիմա էլ կոմունիկացիայի փուլում ենք, բայց ինքս չեմ իմացել, որ Կարեն Ղազարյանը փոխանակվելու է, սա ցույց է տալիս, որ Եվրոպական դատարանը բացարձակապես ներգրավված չէ այս գործընթացներում, Եվրոպական դատարանի ձայնը որոշիչ չէ, բայց նա կարող է հրել, որ այս գործընթացները արագանան»։

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Ղազարյանը եղել է փոխանակված գերիների վերջին խմբի մեջ։ Վերջինս 2018 թվականի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման» մասին: