Պարտության հետաքննությունը կարող է բացահայտել գաղտնիքներ, որոնք շոկի կենթարկեն․ Վ․Աթանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն ասում է, թե պատերազմի առաջին օրերին «օդում կախված լուրեր կային, որ բարձրաստիճան բոլոր զինվորականների հեռախոսահամարները հակառակորդն ունեցել է»։
Նա նաև ասում է, թե ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում չի տեսնում պարտության պատճառները բացահայտելու քաղաքական հետամուտ նպատակադրվածություն։ «Կասկածում եմ, որ օբյեկտիվ, անաչառ հետաքննությունը կարող է բացահայտել այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են հասարակությանը շոկի ենթարկել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Վ․Աթանեսյանը գտնում է, որ հայկական պետությունները բավարար ֆինանսական միջոցներ չեն ունեցել, որ լավ զինտեխնիկա ձեռք բերեին, մինչդեռ Ադրբեջանը վերջին 10 տարիներին յուրաքանչյուր տարի պաշտպանության ոլորտին հատկացրել է ՀՀ պետական բյուջեի 2-3 մլրդ դոլարի չափ գումար։ Հայաստանն ամեն տարի կարողացել է հատկացնել մինչև 250 մլն դոլար։ Իսկ մեր հիմնական մատակարար Ռուսաստանն ունեցած հնարավորությունների դիմաց տվել է համեմատաբար թույլ զինտեխնիկա։ «Համապատասխան զինտեխնիկա ձեռք բերելու համար գումարներ են պետք, հակառակ պարագայում ողորմածությամբ կտան 60-70-ականների զրահատեխնիկա։ Լավ զենք ունենալու համար պետք էր ունենալ ազատ միլիարդներ»,- ասում է Վ․Աթանեսյանը։
Վերջինս հավելում է, որ ռուսական արտադրության բոլոր հակաօդային միջոցներն անզոր են թուրքական անօդաչու Բայրաքթարների դեմ․ «Ռուս մասնագետներն են դա խոստովանում։ Թող մասնագետները կարդան և հեքիաթներ չպատմեին, թե «Օսա-ԱԿ»-ի փոխարեն եթե գնեին Տոր, կկարողանայինք պաշտպանությունն ապահովել»։
Բայց չէ որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե վերջին տարիներին այնքան զինտեխնիկա է ձեռք բերվել Արցախ, որ օդն արդեն պաշտպանված է։ Վ․Աթանեսյանն ասում է, թե նման տվյալներ ԱՀ նախագահին ռազմական մասնագետներն են տվել և ասել, որ ամբողջ Արցախի տարածքում տեղադրված են այնքան հակաօդային կայանքներ, որոնք լիովին ապահովում են երկրի անվտանգությունը։ «Նրանք պետք է ասեին, «Օսա-ԱԿ»-ն կարո՞ղ է Բայրաքթարի դեմ պայքարել, կամ՝ իրենից ինչ է ներկայացնում Բայրաքթարը»,- հավելում է Վ․Աթանեսյանը։
Վ․Աթանեսյանը նաև հավելում է, թե ադրբեջանցի զինվորն ունեցել են երեք ուսապարկ՝ մեկում եղել է ջուր, երկրորդում՝ հյութ, երրորդում արյան իր խմբի փոխարինողը և ներարկիչ։