Հայտարարություն փետրվարի 22-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն փետրվարի 22-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ: Հայտարարությունը ստորև․
2022 թ․ փետրվարի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր հավաք, որի նպատակն էր ՀՀ-ում գտնվող Ադրբեջանի հանրապետության երկու պատգամավորներին ներկայացնել Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված պահանջը՝ անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:
Չնայած հավաքի խաղաղ բնույթին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետներ») կիրառեցին կոպիտ, անհամաչափ ուժ և բերման ենթարկեցին 25 անձի։ Բերման ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանության գործողությունների հետևանքով ստացավ ձեռքի կոտրվածք և տեղափոխվեց բժշկական հաստատություն։ Հավաքի մասնակիցներից բացի բերման ենթարկվեց նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Ա․ Նահապետյանը։ Ըստ վերջինիս՝ ոստիկանության ծառայողները առգրավել էին իր հեռախոսը և դրանից ջնջել մասնագիտական աշխատանքի հետ կապված նյութեր։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ հավաքի մասնակիցների գործողությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Նշված հավաքի ընթացքում ոստիկանության կողմից մասնակիցների նկատմամբ կատարված գործողությունները, կիրառված անհամաչափ ուժը, ինչպես նաև լրագրողի գործունեությանը խոչընդոտելը հանդիսանում են հավաքների ազատության իրավունքի կոպիտ խախտում։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ: