Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Կրակոցների, նկուղում սոված մնալու, «մի պատառ» վախենալու մասին (տեսանյութ)

«Առաջի օրով տեսանք շատ փիս տրաքոց կա, ասինք՝ ոչինչ էսօր կլնի, վաղը միգուցե հանդարտվի, դե մենք սովոր ենք, էս միջնեկ տղաս ինքը ֆիդային ա, կամանդիր ա, զենքը վեր կալավ, վազեց իրա ընկերների մոտ, ես էլ թուշից պաչել եմ, ճանապարհ դրել իրան, հաջորդ օրը տեսանք, որ բոլորը խոսում են, թե թուրքերը նեղում են, պիտի դուրս գանք գյուղից», – պատմում է Արցախի Ականաբերդ գյուղից տեղահանված 87-ամյա Էմմա Բաղյանը։

Էմմա Բաղյանը

Օդից կախված․ այսպես՝ երկու բառով, 87-ամյա Էմմա տատը ներկայացնում է ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով սեփական տուն-տեղը հարկադրաբար թողած և Արցախից բռնի տեղահանված հազարավոր հայրենակիցների վիճակը։ Նրանցից շատերը դեռ ճանապարհներին են, ոմանք էլ դեռ դուրս չեն եկել․ փնտրում են  հարազատներին։ Իրենք էլ հազարների պես շտապել են ժամ առաջ դուրս գալ, փրկվել, ու մնացել են առանց հագուստի, առանց որևէ բանի։ Արցախում են թողել իրենց ողջ կյանքը, քրտինքով վաստակած ապրուստն ու հիշողություններ։ Պատմում է՝  Արցախի հրետակոծման առաջին օրը Ստեփանակերտ էր գնացել՝ տեսակցելու հիվանդանոցում գտնվող միջնեկ որդուն, ով այդպես էլ հայրենի գյուղ՝ Ականաբերդ չվերադարցավ։ Թշնամին ռմբակոծում էր՝ ամենուր ահ ու սարսափ տարածելով։ Սա էր պատկերը ամբողջ Արցախում, ասում է տատը։ 

«Կատարվում էր էն, իրար սպանում էին, իրար վնաս էին տալիս, իրար փիս բաներ ասում, էնքան խելքս կորցրել եմ, գալուց մի քիչ փող էի վերցրել հետս,հավաքած ունեի, էն էլ կորավ, լոխ կորավ՝ դակումենտնիս կորավ մնացել եմ գժված», – ասում է տատը։

Ընդամենը 2 օր առաջ է հասել Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայր, իսկ մինչ այդ շուրջ մեկ շաբաթ եղել է ճանապարհներին, մեծ փորձություներով հասել Գորիս, այնուհետև՝ Ջերմուկ։ Այսօր արդեն կրտսեր որդու տանն է, ով 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ եկել էր Հայաստան ու հաստատվել այստեղ։

«Էս միջնեկ տղաս ա, որ ասում եմ՝ ֆիդային ա եղել,  ինքն ա ինձ բերել, հասցրել Գորիս  իր ընկերոջ մաշնով, մեծ ավտոբուս էր,Գորիս մի քիչ կացել ենք, օգնություն են տվել, ուտելիք, դեղորայք, բայց ընդեղ տեղ չտվին,  ճամփա  դրին Ջերմուկ, մի օր ընդեղ հյուրանոցում մնացի, էս պուճուր տղաս երեկ եկավ բերեց», – ասում է Էմմա տատը։

Ադրբեջանցին երեխա է մորթում, աշխարհն աչքերը կապել է, նավթին ծախվել։ Մենք ինչ կարող ենք անել, ասում է տատը։ Հետո պատմում շրջափակման օրերին Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին․  սով էր, ալյուր չկար, հացը գրամով էին տալիս։ Մի լավ տանջել են՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, հետո էլ ասել՝ գնա՛ քո տնից, այլապես կսպանենք։ Սա ցեղասպանություն էր բառի բուն իմաստով։

«Ամեն ինչ ստեղծեցի, էս հիվանդ գլխովս տուն ստեղծեցի, ռեմոնտ արեցի դաժե, լիքը կենդանիներ եմ թողել, բերքս էի հավաքել յաշիկ -յաշիկ, ֆոնը հվաքել եմ հատիկ-հատիկ, որ օղի քաշեմ», – պատմում է Էմմա Բաղյանը։

Լացը խեղդում է կոկորդը, բառերը դուրս չեն գալիս, ընդհատված զրույցը հարսն է շարունակում ու պատմում արդեն 3 տարի առաջ իրե՛նց գլխով անցածի մասին։

Սինխ՝  Արմինե Ասրյան կրտսեր որդու կինն է ,44-օրյաին են տեղահանվել ու եկել Մեծ Այրում ընտանիքով-

«Տես քանի անգամ են տարհանվել, տես քանի անգամ են տարհանվել, տուն դրել, փախել։ Ապրիլյան պատերազմ տեսանք, 44-օրյա պատերազմ տեսանք, մեկ էլ էս մի պատերազմը, ճիշտ ա, էստեղ էի, բայց իրանցից բեթար ապրումներ ունեցա, քանի որ բոլորից ոչ լուր կար, ոչ բան կար։ Մեկը մահացած, մեկը վիրավոր, մեկը կորած, մեկը սոված, որ մեկը պատմես, էդ բոլորիս ցավն ա։ Ես բոլոր իմ արցախցիների հետ ցավն ապրել եմ։ Անգամ փոքր երեխային չեն խնայել, նոր ծնվածին էլ են սպանել, խոշտանգել։

Արմինե Ասրյանը

Կապ չունի՝ հայաստանցի ենք, արցախցի ենք, սփյուռքահայ ենք, դա մեր ցավն ա։ Մենք էլ ենք շատ դժվարության միջով անցել, ամենավերջին գումարս տվել եմ, էս քանդված տունը առել։ Օր ա էղել՝ հաց չի էղել մեր տունը, ամուսինս ասել ա՝ գնամ, մորքուրին ասեմ, հաց տա։ Ասել եմ՝ չէ, Գագո, ճաշացու սարքենք, ուտի երեխան։ Ժինգյալով հաց եմ թխել, տարել վաճառել, որ խանութներից ուտելիք բերենք», – պատմում է Արմինե Ասրյանը։

Հիմա 6 հոգանոց ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գյուղական տան մեջ, որն ընդամենը երկու սենյակ ունի և չունի բավարար հարմարություններ։ Բայց ոչինչ, կդիմանան, ասում են ու պատրաստ են իրենց հարկի տակ ընդունելու անտուն մնացած հարազատ-բարեկամներին,  անգամ անծանոթներին։ Ճիշտ է՝ շատ բան տալ  չեն կարող, բայց մի ափսե տաք ճաշ ու մի ձեռք անկողին հաստատ կգտնվի։

«Ես ինքս ստեղծել եմ, կարել եմ, մաքրել եմ, մեր լեզվով ասած՝ ծալք եմ դրե, մեկը մի բուրդ ա տվել, մեկը մի բան ա տվել, ստեղծել ենք, թող գան պոլերին էլ եմ պատրաստ, վերմակները քցենք, քնենք, էնքան որ մենք միասնական լինենք, ոչ մի երեխա դրսում չմնա, սոված չմնա», – ասում է Արմինեն։

Հիմա միայն խաղաղություն ենք ուզում, անգամ, երբ ստիպված ենք ամեն ինչ կրկին զրոյից սկսել, ասում են այս ընտանիքում։

Ինն ամիս շրջափակված Արցախում ապրելով, սեփական կյանքը և առողջությունը վտանգելով, քաղցած մնալով, հողի հետ կռիվ տալով` արեցինք ամեն ինչ, որպեսզի Արցախը հայկական մնա։ Բայց այն, ինչ ժողովուրդը տեսավ հատկապես վերջին տասնօրյակում, որ և՛ պատերազմ էր, և՛ ցեղասպանություն, թո՛ղ էլ երբեք չտեսնի, եզրափակում է  տատը։

 

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում