Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Դժոխքով անցածները (տեսանյութ)

Դժոխքի ճանապարհ են անվանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ժամեր առաջ այն հաղթահարած Արցախի, Ասկերանի շրջանի Ռեւ գյուղի այս բնակիչները: Հարեւաններով գյուղը լքել են սեպտեմբերի 19-ին՝ օրեր շարունակ գիշերել օդնավակայանի տարածքում հետո հազարների նման բռնել գաղթի ճամփան:

«Թուրքերը մտնում են, գլուխները կոխում մաշնի մեջը, ես էլ ծածկոցով էրեխեին ծածկալ եմ, որ չտեսնեն էլի։ Առաջներս ձմեռ ա, տեղ չկա գնալու։ Մի տուն կուզինք, որ ընտանիքով գնանք, մեջին ապրենք», – ասում է Արցախից բռնագաղթած ընտանիքի հարսը։

Այս ընտանիքը Ռևում, ինչպես արցախցիներն են ասում՝ իրենց շենում, մեծ տնտեսություն են թողել, մի քանի տասնյակ գլուխ խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, այգիներ, ամեն ինչ թշնամուն է մնացել, իրենք եկել են մի ձեռք շորով ու այստեղ խաղաղ ապրելու հույսով:

«Ոչ ավտո ունեմ, որ ասեմ՝ բարձելու եմ, դուրս գամ, զոռով երեխաների շորերից մի քիչ վերցրել եմ, ուրիշ բան չունեմ։ Տունս լիքն էր՝ ամեն ինչով», – ասում է Նվեր Բալայանը։

Հազիվ հարյուրին հասնող բնակչություն ունեցող գյուղը, ինչպես և Արցախը, ժամերի ընթացքում դատարկվել է: Հետևում թողել են հայրենիք, առջևում անորոշություն է:

Նվեր Բալայանը

«Տներս լիքը, սեփական ֆերմա ունեինք, հողամաս ունեիքն վարձակալած, սեփական, բոստանները լիքը-լիքը, հիմա ստեղ ինչով պիտի ապրենք։ Յոթ շունչ ենք, որ չաշխատենք, անասուն չպահենք, ոչ տուն, ոչ մի բան չունենք», – ասում է Գյուլխանում Բալայանը։

Բալայանների 7 հոգանոց ընտանիքը տանիքի որոնումների մեջ է։ Վաղ առավոտյան տիկին Գյուլխանումի ամուսինը ոտքով Մեծ Այրում է գնացել։ Ասում է՝ բարեկամներ ունեն, գուցե օգնեն իրենց տան հարցում: Առայժմ տեղավորվել են հյուրանոցում, բայց օգնություններով ապրել չեն ուզում, գյուղում տուն, հողամաս են ուզում, մնացածն իրենք կստեղծեն, ասում են: Արցախի իրենց այգիներն այս տարի չտեսնված առատ են եղել, ծառերը բերքի ծանրությունից կոտրվում էին, բայց անսովոր անհանգստություն կար, հիշում է տիկինը:

«Սիրտս գուշակել էր, որ ուտելու չենք։ Էսքան բերք էղած չէր։ Էս տարի շատ-շատ էր։ Կարտոշկան լիքը, ամեն ինչը լիքը։ Բայց գուշակում էի, որ չենք ուտելու», – հուզմունքով ասում է տիկին Գյուլխանումը։

Նունեն արդեն երկրորդ անգամ է տուն-տեղ կորցնում: Երեք տարի առաջ Հանդրութում թողեց ամեն ինչ, հիմա էլ Ռևում: Արցախը հայաթափելու թշնամու ծրագրերն իրագործված են, իսկ իրենք հուսալքված:

«Ես արդեն հոգնել եմ ամեն ինչից, որ էսքան տանջվել ենք, որ տալու էին, խի էսքան զոհն անտեղի տվել են», – ասում է Նունե Ավանեսյանը։

Ռևը առաջիններից լքողը Նունեն է եղել՝ իր երեք անչափահասների հետ։ Ամուսինը գյուղում չի եղել, ոտքով, մայրուղով քայլել են մինչև օդանավակայան, խնդրել են ռուս խաղաղապահներին թեկուզ սոված ու ծարավ գիշերել տարածքում՝ապահովության հույսով:

Նունե Ավանեսյանը

«45 տարեկան եմ, բայց ամեն ինչ տեսել եմ։ Ջահել ախպեր եմ կորցրել, ջահել մամա եմ կորցրել, պապա եմ կորցրել, ամեն ինչ էլ տեսել եմ, գոնե իրեք էրեխեքիս կարենամ նորմալ պահեմ։ Մեռնելով էլ լինի, դժվար էլ լինի, ապրեմ։ Կապրենք՝ կապրենք, չենք ապրի, Աստված մեզ հետ», – ասում է Նունեն։

Գրեթե մեկ տարի բլոկադայի, զրկանքների մեջ ապրած, իսկ վերջին մի քանի օրերին կյանքի ու մահի սահմանով անցած այս երեխաներն առանց քաղցրավենիքի ու անգամ հացի պատրաստ են էլի դիմանալ, միայն թե իրենց շենում:

«Ես ուզում եմ քյամ մեր շենը, մեր Հադրութը, մեր տունը», – ասում է ընտանիքի փոքրիկներից մեկը։

 

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում