Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արարատ Միրզոյանը ներկայացնում է կատարողականը (տեսանյութ)

Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես է եկել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով:

Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն անդրադարձել է 2023թ. տարեսկզբից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո ԼՂ էթնիկ զտմանը, բնակչության բռնի տեղահանմանը, այդ ընթացքում ՀՀ դիվանագիտական ջանքերին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, և միջազգային արձագանքներին: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, առկա խնդիրներին և դրանց շուրջ ՀՀ դիրքորոշումներին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ ներգրավվածության, մի շարք երկրների հետ երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նոր ձևաչափերով գործընկերության խորացմանն ուղղված ծավալուն աշխատանքը, արդյունքները:

Իր խոսքում նախարար Միրզոյանը հակիրճ անդրադարձ է կատարել նաև 2024թ. տարեսկզբից հիմնական զարգացումներին, ինչպես նաև պատասխանել վերոշարադրյալ թեմաների շուրջ պատգամավորների մի շարք հարցերի:

Նախարար Միրզոյանի ամբողջական զեկույցը ներկայացնում ենք ստորև:

«Իրականում 2023թ․ կատարված աշխատանքը և հաշվետվությունն այդ աշխատանքի վերաբերյալ բավականին ծավալուն է։ Ես կաշխատեմ ոսկե միջին սկզբունքով առաջնորդվել և տալ տեղեկատվություն՝ առանց շատ մանրամասներով ծանրաբեռնելու։

Բնականաբար 2023թ․ առաջին օրվանից մենք արդեն ունեինք շատ կոնկրետ իրավիճակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, շուրջ 20 օր այդ պահի դրությամբ։ Եվ հենց առաջին աշխատանքային օրվանից մեր ջանքերն ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելու, միջազգային ներգրավվածություն ապահովելու, որի նպատակը, բնականաբար, պիտի լիներ ապօրինի արգելափակման վերացումը։ Այս ուղղությամբ, իհարկե, մեծ աշխատանք է կատարվել ինչպես երկրների հետ երկկողմ շփումներում հնարավոր ազդեցություն ունենալու ակնկալիքով, այնպես էլ միջազգային կառույցների, և առաջին հերթին, բնականաբար, ՄԱԿ-ի հետ՝ սկսած գլխավոր քարտուղարից և այնուհետև առանձին գերատեսչություններով և լիազորություններ ունեցող ինստիտուտներով, անձանցով, պաշտոնյաներով։ Կուզենայի հիշատակել հատուկ ընթացակարգերի, մանդատակիրների հրապարակած հաղորդագրությունները, նամակները, որով նրանք Ադրբեջանին կոչ էին անում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Կհիշեք՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ օգոստոսի 16-ին. հայկական կողմը ներկայացված էր ԱԳ նախարարի մակարդակով։

Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո մեր դիվանագիտական ջանքերը բնականաբար ուղղվեցին առաջին հերթին այդ հարձակման պահ առաջ, րոպե առաջ դադարեցմանը և այնուհետև արդեն քիչ անց կանդրադառնամ առաջացած խնդիրների՝ հատկապես հումանիտար խնդիրների հասցեագրմանը և, իհարկե, այս ուղղությամբ նույնպես միջազգային հնարավորինս լայն կոնսոլիդացիայի ապահովմանը։ Կհիշեք՝ հարձակման սկզբից 2 օր անց՝ սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ԱԽ հրատապ նիստ՝ այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով։ Հատկանշական էր, որ այս նիստին բացի մշտական և ոչ մշտական անդամներից, բացի Հայաստանի ԱԳ նախարարից և Ադրբեջանի ԱԳ նախարարից մասնակցեցին և ելույթ ունեցան նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը և Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ 

Արդեն էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձան ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։ Մարդու իրավունքների խորհրդում՝ մասնավորապես 40 երկրի անունից, տարածվեց հայտարարություն։ Ինչպես նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական՝ Ալիս Նդերիտուն հրապարակեց երկու հայտարարություն՝ հիշատակելով տեղահանված 100,000-ից ավել փախստականներին։ 

Սա, եթե կարելի է այսպես պայմանական բաժանել ՄԱԿ քաղաքական հարթությունը և այնուհետև, իհարկե, տեղյակ եք՝ իրավական հարթության վրա ևս ջանքեր գործադրվեցին։ Ես նկատի ունեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը, որը, ըստ էության, եթե տարվա կտրվածքով նայենք 3 որոշում է ընդունել՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշում։ Առաջինը՝ հենց փետրվարի 22-ին՝ պահանջելով Ադրբեջանից ապահովել մարդկանց, բեռների անխափան շարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այնուհետև հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց իր այս որոշումը, և մի որոշում էլ ընդունվեց նոյեմբերի 17-ին արդեն տեղահանությունից հետո։ 

Բնականաբար, գործընթացները չեն սահմանափակվել ՄԱԿ-ով. մյուս կառույցները և նաև պետությունները ևս ներգրավված են եղել և հանդես են եկել դիրքորոշումներով։ 

ԵԱՀԿ մշտական խորհրդի չորս հատուկ նիստ է տեղի ունեցել, որոնցից երկուսին ինքս մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել։ Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարների կոմիտեում Իսլանդիայի նախագահությունը, երկու անգամ գլխավոր քարտուղարը, մարդու իրավունքների հանձնակատարը երկու անգամ հանդես են եկել հայտարարություններով։ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, այս որոշումները իհարկե հետո նաև Եվրոպայի խորհրդում և դրա շրջանակներից դուրս քննարկումների համար հղման բավական լուրջ հիմք են հանդիսացել։ Հունիսի 22-ին և հոկտեմբերի 12-ին երկու անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձևեր է ընդունել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ բնականաբար դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին 491 կողմ, 9 դեմ, 37 ձեռնպահ ձայներով ընդունել է բանաձև՝ կրկին նման բովանդակությամբ։ Տասնյակ երկրներ, հեղինակավոր կազմակերպություններ հասցեական հայտարարություններ են արել կրկին։ 

Ինչպես նշեցի, արդեն տեղահանությունից հետո մեր ջանքերն ուղղվեցին առավելապես բռնի տեղահանվածների, փախստականների կարիքները հոգալու համար միջազգային կոնսոլիդացիայի ավելացմանը։ Եղել են նամակներ, զանգեր, աշխատանք, որի արդյունքում, իհարկե, բոլոր վերաբերելի համապատասխան մարմինները՝ ՄԱԿ-ից, ՄԱԿ-ից դուրս, օրինակ՝ Կարմիր Խաչը և այլն, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները մոբիլիզացրել են ջանքերը, և միջազգային հանրությունն, ըստ էության, էական մասնակցություն է ունեցել: Իմ տեղեկությամբ, առաջին օգնության տեսքով, բայց նաև գումարների տեսքով, ֆինանսական տեսքով այս պահի դրությամբ այն ժամանակ խոստացված գումարն ամբողջությամբ չի հավաքվել, բայց այս մասին և այս ուղղությամբ արված ջանքերը, բնականաբար ավելի մանրամասները փոխվարչապետի գրասենյակն է տիրապետում. այդ աշխատանքը կոորդինացվել է իրենց կողմից։ 

Բնականաբար, տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ ամենաառանցքայինը։ Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ և նպատակն էլ շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք և այսուհետ առաջնորդվում ենք այդ խաղաղության մասին խոսելիս կամ այդ խաղաղության շուրջ բանակցելիս, դրանք ակնհայտ են, ես ամենահիմնականներին կանդրադառնամ, հիմնական հարցերին են առնչվում այդ սկզբունքները։ Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Շատ ենք խոսել այս մասին, բայց կարծում եմ արժի մի անգամ էլ հիշել։ Սա մի հռչակագիր է, որով 1991թ․, նորից ուզում եմ հիշեցնել, Խորհրդային միության 12 հանրապետություններ որոշում են և այդ հռչակագրով պարտավորվում են կամ հանրահռչակում են, որ  ա) Սովետական միությունը դադարում է գոյություն ունենալ և, իհարկե, այլ բաների թվում մեր կոնտեքստում եմ ես թվարկում, բ) Խորհրդային սոցիալիստական նախկին հանրապետությունների միջև այդ պահի դրությամբ փաստորեն այդ ակտով, գոյություն ունեցող վարչական սահմաններն այդ պահից հռչակվում են և երկրները ճանաչում են որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ։ Եվ ահա վերադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ այս գործընթացում մեզ համար առանցքային է այս սկզբունքին հղում անելը, դա էական է և քաղաքական հիմք է և՛ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման համար, և՛ հետագա սահմանազատման գործընթացի համար։ 

Եվ, իհարկե, նաև քննարկվող տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այս ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների համաձայն. դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը և, իհարկե ենթադրվում է և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Այս մասին շատ ենք խոսել, եթե կարիք կա, կարող եմ մանրամասնել։ Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագռգրված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Մենք, բնականաբար, ակնհայտորեն, սա երևի բացատրելու կամ հիմնավորելու կարիք էլ չունի, ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, այն ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել և մեր իրավազորության ներքո պետք է լինեն և իհարկե արդարորեն ակնկալելով, որ այդ ամեն ինչը և հեշտացումները, որ մենք պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադարձվեն մյուս հարևան երկրների կողմից ևս։

Գիտեք, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել, խոսեցի սահմանազատումից և ենթակառուցվածքներից, այս ուղղությամբ մեր գործընկերների և հանձնաժողովների մի շարք հանդիպումներ, մասնավորապես երկու ուղղություններ նշեցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։ 

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա նաև եղել են բանակցություններ երկրների ղեկավարների մակարդակով և ԱԳ նախարարների մակարդակով։ Վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 5 հանդիպում, մեկ եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, փետրվարի 18-ին Մյունխենում՝ մեկ եռակողմ հանդիպում, ՌԴ նախագահի մասնակցությամբ՝ մայիսի 25, Մոսկվա, երկու եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ՝ մայիսի 14 և հուլիսի 15, Բրյուսել, և մեկ հնգակողմ հանդիպում հունիսին Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ (հունիսի 1, Քիշնև): 

Հավանաբար, կհիշեք պայմանավորվածությունը, սա եղել է հրապարակային պայմանավորվածություն՝ հանդիպել Բրյուսելում այնքան, որքան անհրաժեշտ է և կհասունանա քննարկումը երկրների ղեկավարների համար: Եվ միևնույն ժամանակ տարվա ընթացքում երկու անգամ տեղի է ունենում Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողով, նշեցի Քիշնևը։ Եվ ահա այդ պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ էլ պետք է առիթն օգտագործվեր և, Եվրոպական քաղաքական համայնքի հարթակը օգտագործելով, հանդիպում կազմակերպվեր հնգակողմ ձևաչափով։ Գիտեք, որ մյուս համաժողովը, գագաթաժողովը տեղի ունեցավ Գրանադայում, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել, չմասնակցեց ընդանրապես գագաթաժողովին և ըստ այդմ նաև՝ հնգակողմ հանդիպմանը, այնուամենայնիվ, քառակողմ հանդիպում տեղի ունեցավ։ Հայաստանի վարչապետից բացի հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Եվրոպական խորհրդի նախագահը և այդ հանդիպման արդյունքում եղավ քառակողմ հայտարարություն, որտեղ կրկին ֆիքսվեցին չորս մասնակիցների պատկերացումները խաղաղության կարգավորման վերաբերյալ, սկզբունքների վերաբերյալ: Ինչպես կարող եք դատել ինքներդ, համեմատելով, օրինակ՝ քիչ առաջ իմ հերթական անգամ բարձրաձայնած սկզբունքները և Գրանադայի հայտարարությունը, այս քառակողմ հայտարարության մասնակիցները մեծապես կիսում են մեր պատկերացումները, մենք էլ ստորագրող կողմն ենք, այսինքն՝ քառակողմից մեկը մենք ենք։ 

ԱԳ նախարարները երկու անգամ բանակցություններ են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ, մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ: Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել, խոսքը վերաբերում է հենց այն սկզբունքներին, այն կետերին, որոնք քիչ առաջ հիշատակեցի։ 

Բացի դրանից ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ՝ «3+3» ձևաչափի, կամ փաստացի «3+2» ձևաչափի նախարարական հանդիպման շրջանակներում՝ Թեհրանում։ Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև մեր հանդիպումները ԱԳ նախարարների մակարդակով, թեև այդ ընթացքում մենք փոխանակվել ենք խմբագրական առաջարկներով։ Այնուամենայնիվ, թեև դա 2023թ․ չի վերաբերում, բայց գիտեք, որ 2024թ․ այս հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում երկրների ղեկավարների մակարդակով, ինչին հաջորդեցին Բեռլինում ԱԳ նախարարների բանակցություններ։  

Սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսեցի։ Ավելացնեմ միայն, որ շահագռգրված լինելով ապաշրջափակմամբ՝ իհարկե, մեր ընկալմամբ, մեր պատկերացրած սկզբունքներով՝ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «Խաղաղության խաչմերուկ» անվանում, և ուզում եմ նաև այս անվանման մասին խոսել։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի և՛ մասնակցող երկրներին, տարածաշրջանի երկրներին, բայց նաև տարածաշրջանից դուրս։ Կարող ենք նշել՝ պատկերացնելով ենթակառուցվածքները՝ Չինաստանից մինչև Եվրոպա։ Այսպիսով, ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի բոլոր մասնակիցներին, այլև եթե իրականացվի կդառնա խաղաղություն ապահովող, խաղաղությանը նպաստող էական գործոն։ Մենք այս տեսլականով կիսվել ենք և շարունակում ենք կիսվել զանազան միջազգային դերակատարների հետ: Մի մասը ողջունում են, ցավոք, Ադրբեջանից, որքան հիշում եմ, եղավ ձևակերպում, թե սա ուտոպիա է։ Իհարկե, որևէ կերպ հիմնավոր չենք կարող համարել այս ձևակերպումը։ Աշխատանքները շարունակվում են։ Ուզում եմ հիշեցնել, որ սա միայն մեր տարածաշրջանին չի հատուկ, կամ մեր փոքր տարածաշրջանին չի հատուկ. այսօր ողջ աշխարհն ակտիվորեն ներգրավված է և ջանքեր է գործադրում նոր լոգիստիկ ուղիների հաստատման, պայմանների դյուրացման ուղղությամբ և կարծում եմ, այսպես մի քիչ ավելի լայն գնահատական տալով՝ մենք պետք է ջանք չխնայենք՝ հերթական անգամ մեծ ծրագրերից դուրս չմնալու համար։

Հումանիտար հարցերով ունեցանք ի վերջո առաջընթաց: Հիշում եք, որ դեկտեմբերի 7-ին եղավ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարություն, և այդ հայտարարության համաձայն 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից ազատ արձակվեց 2 ռազմագերի։ Ինչպես նաև մենք աջակցեցինք, այսինքն՝ մենք հետ վերցրեցինք մեր թեկնածությունը «COP-29» կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացման համար և պաշտպանեցինք Ադրբեջանի թեկնածությունը: Ադրբեջանը իր հերթին պաշտպանեց Հայաստանի մասնակցությունը «COP-29» վերաբերելի մարմիններից մեկում։ Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, աշխատանքները շարունակվում են։

Մյուս կարևոր ուղղությունը, որն ուզում եմ նշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է: Ինչպես կարող եք դատել նայելով 2023թ.-ի իրադարձություններին՝ թեև մեծ, շոշափելի արդյունքներ, այսինքն՝ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնումենայնիվ, եղել են շատ ինտենսիվ իրադարձույթուններ: 

Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները: Այնուհետև՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանն արձագանքեց հումանիտար պատկերացումներից ելնելով, և հումանիտար դիրքորոշմամբ. մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ, մենք ուղարկեցին հումանիտար օգնություն: Մեր ջոկատը գործուղվեց Թուրքիայի Ադիյաման քաղաք: Հումանիտար օգնությունը շատ խորհրդանշական էր. Մարգարայի կամրջով փետրվարի 11-ին և 14-ին այս մարդասիրական բեռով բեռնված 7 բեռնատար սահմանը հատեցին և հասցրին այն դրա կարիքն ունեցող բնակչությանը: 

Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, այդ թվում նաև՝ Անկարա: Տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում: Գնացի նաև Ադիյաման, որտեղ հանդիպում ունեցա մեր որոնողափրկարարական թիմի հետ: Ուզում եմ նաև ասել մի շատ հետաքրքիր դիտարկում, որ ես ինքս էլ ունեցա և նաև տեղում շատ և՛ պաշտոնյաներ, և՛ մեր թիմի անդամներ կիսվեցին: Ըստ էության, առաջին պահին, առաջին օրերին, երբ մեր որոնողափրկարարական թիմը գնացել է Ադիյաման, այնտեղ բավական զգուշավոր են եղել բնակչության շրջանում, բայց հետո երախտիքը մեր ծառայողների նկատմամբ այնքան մեծ է եղել, և նրանց կատարած աշխատանքն այնքան շոշափելի, որ վերջին պահին արդեն քաղաքի բնակիչներն ուղղակի գալիս էին ավան, վրանային ճամբար և ուղղակի մեր դրոշի հետ և մեր թիմի հետ նկարվում էին՝ ցանկանալով որպես երախտիք ինչ-որ ժեստ արտահայտել: 

Բացի դրանից մեր հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախ մասնակիորեն վերաբացել սահմանը: Սա մի պայմանավորվածություն էր, որ պարոն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի պայմանավորվածությունների արդյունքում էր ձեռք բերվել, ըստ էության, նախարարության մակարդակով էլ հաստատվեց մասնակիորեն բացել սահմանը. մասնակիորեն՝ նկատի ունեմ 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն: Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին: Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք՝ ոնց է այս աշխատանքը ամենաօպտիմալ կերպով հնարավոր կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը մասնակի բացումը, մինչ այժմ իրականացված չէ, թեև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը:

Հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկարայում մասնակցեց Թուրքիայի վերընտրված նախագահի պաշտոնամուտի արարողությանը: Ընդհանրապես, տարվա ընթացքում եղել է երեք հեռախոսազրույց, նաև հանդիպում: Ես եմ հանդիպել նախարար Ֆիդանին կրկին Թեհրանում «3+3» հանդիպման շրջանակներում, այդ ժամանակ վերահաստատեցինք մեր պայմանավորվածությունը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթաժողովին: Առաջ անցնելով, անցնելով 2023-ի սամանները՝ գիտեք, որ վերջերս կրկին մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաև հարցազրույցներ եմ տվել թուրքական լրատվամիջոցներին: Իմ հարցազրույցները շատ էին, բայց ես սրանք կարևորում եմ հատկապես այն առումով, որ մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ՝ մեր գործընկեր նախարարի կամ երկրի ղեկավարի, այլև թուրք հասարակության հետ: Ինչու՞, որովհետև կարելի է ենթադրել, բայց որքան նաև տեսնում ենք ինքներս, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը և կարևոր է մեր դիրքորոշումները, մեր ընկալումները, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել նաև թուրք գործընկերներին և նաև հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով:

Հայաստան-Իրան հարաբերություններ. Մեր այս հարևանի հետ ևս շատ ինտենսիվ են եղել 2023թ․ ընթացքում տեղի ունեցած շփումները։ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։ Կայացել է ԱԳ նախարարի երկու այց Թեհրան։ Թեհրանում «3+3» հարթակին ենք մասնակցել, ինչպես նշեցի: Հեռախոսազրույցներ ենք ունեցել նախարարի հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանաի Իսլամական Հնարապետության նախագահի տեղակալի համանախագահությամբ կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանն է Իրան այցելել, հանդիպումներ ունեցել։ Էական և շոշափելի արդյունքների թվում ուզում եմ նշել օգոստոսի 10-ին Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի և իրանական կողմից նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրենի կողմից ստորագրված պայմանագիրը «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի վերաբերյալ։ Ըստ էության, այս ստորագրություններով ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030 թ․։ Հոկտեմբերի 23-ին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալի Հայաստան այցի ընթացքում ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության մրցույթում իրանական ընկերությունը հաղթող ճանաչելու մասին փաստաթուղթը։

Մեր մյուս մի շարք նախարարներ կրկին այցելություն են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առողջապահության նախարարը, շրջակա միջավայրի նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հայաստան են այցելել Իրանի գործընկերները։ 

Հարևանների հետ թեման շարունակելով` Հայաստան-Վրաստան հարաբերություններին անդրադառնամ: 2023թ. եղել է ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի վեց հանդիպում, որոնցից չորսը միջազգային հարթակներում: Երևանում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Կրկին շարունակելով շոշափելի արդյունքների ներկայացումը` այդ նիստի արդյունքներում ստորագրվել է «Երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որը 2023թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է արդեն: Այսինքն, սա այն մասին է, որ մեր քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտերով` առանց անձնագրերի: Թբիլիսիում եղել է հայ-վրացական գործարար համաժողով. մեր կողմից` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Սանոսյանն է մասնակցել: ՀՀ վարչապետի աշխատանքային այց Բաթում, իսկ արդեն հոկտեմբերի 26-27-ին վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որի ընթացքում, եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին անգամ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Պաշտպանության նախարարների այցելություններ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Անդրեասյանն է այցելել Վրաստան, գլխավոր դատախազը, ՊԵԿ նախագահը, պարո՛ն Խանդանյան, Դուք եք այցելել, քննչական կոմիտեի նախագահ պարոն Քյարամյանը, սահմանադրական դատարանի նախագահ պարոն Դիլանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանը:

Անմիջական հարևանների թեման ավարտեցինք, ավելի մեծ տարածաշրջանին անդրադառնանք: Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ․ տարվա ընթացքում շարունակվել է բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: Վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում և 9 հեռախոսազրույց: Տարբեր համատեղ հարթակներ և ինստիտուտներ շարունակել են իրենց աշխատանքները՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստ, միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ և այլն: Հայաստանի Հանրապետության նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Երևանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ՌԴ վարչապետ, կառավարության նախագահ Միշուստինի հանդիպում, արտաքին գործերի նախարարների շփումներ՝ 6 հանդիպում, երկու հեռախոսազրույց, խորհրդակցություններ են եղել ԱԳՆ-ների միջև:

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ. Շարունակվել է ռազմավարական երկխոսության և գործընկերության ամրապնդումը: Կրկին, տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսազրույցներ, հանդիպումներ, այդ թվում, օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն՝ 8 հեռախոսազրույց: Մարտի 29-ին վարչապետը մասնակցել, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթաժողովին, որն առցանց ձևաչափով է անցկացվել: Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակում տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի, այնուհետև՝ արդարադատության և իրավապահ մարմինների, ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստեր: Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակումից հետո Հայաստան է ժամանակել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ: 3 հանդիպում եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ և 7 հեռախոսազանգ նրա տեղակալների հետ: 1 հեռախոսազանգ միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերություններ. Ակնհայտ է, որ մեր քաղաքական երկխոսությունը զգալիորեն խորացել է` էապես բարձրացնելով այդ երկխոսության մակարդակը, ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: 2023թ. հունվարի 23-ին Եվրոպական միության խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Առաքելության մեկնարկը տրվել է 2023թ. փետրվարի 23-ին:

2023թ. դեկտեմբերի 12-ին, այսինքն՝ տարվա ավարտին, արդեն ԵՄ արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել քաղաքացիական առաքելության թվաքանակի ավելացմանը, և կարող ենք ասել, որ այս առաքելության տեղակայումից հետո նախ սա, ըստ էության, առաջին անգամ է որ Եվրոպական միությունը՝ որպես ամբողջություն, որպես ինստիտուտ մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերին: Նաև, կարծում եմ՝ կարևոր է նշել, որ այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունը էականորեն նվազել է, և փաստորեն ստացվում է, որ այս առաքելությունը էական գործոն է դարձել հենց սահմանի կայունության համար: 

2023թ. Հայաստանի և Եվրոպական միության միջև մեկնարկել է (այս ֆորմանը չունեինք նախկինում) քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը: Առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում, իսկ երկրորդ նիստն արդեն նոյեմբերին Բրյուսելում: Ընդունվել են համատեղ հայտարարություններ, որտեղ կտեսնեք դիրքորոշումներ և անդրադարձ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերին: 

Շարունակվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերութան համաձայնագրով (CEPA-ի մասին է խոսքը) նախատեսված կանոնադրական մարմինների աշխատանքը:

Շարունակվել են շփումները վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև, կայացել է երեք հեռախոսազրույց և հինգ հանդիպում: Հանդիպումներ են տեղի է ունեցել վարչապետի և եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Կարևոր է, որ Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, և ընդգծվել է նաև հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցել Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, օրինակ՝ Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի վերաբերյալ նախագծում:

Կարող եմ ասել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների համար առանցքային էր և ուղենշային էր 2023թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան, և նրա ելույթը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: Նաև, իհարկե, իմ և իմ գործընկերների մակարդակով են ակտիվ շփումներ եղել. 5 հանդիպում և 1 հեռախոսազրույց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի և իմ միջև:

Ելույթով հանդես եմ եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գլխավոր վեհաժողովի տարեկան հանդիպմանը, նաև մասնակցել եմ Եվրոպական միության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը և նաև Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների նիստին: 

Ակտիվ են եղել շփումները խորհրդարանական մակարդակում: Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստը, Քիշնևում՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջան է եղել, հունիսի 19-22-ին կայացել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակության այց Հայաստան:

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ․ Գիտեք, որ այս հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ ունենք, և այս առումով մեր շփումները իսկապես գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները: Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահն է այցելել Հայաստան. սա երբևէ մինչ այդ տեղի չէր ունեցել: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը երկու անգամ տարվա ընթացքում այցելել է Հայաստան: Տեղի է ունեցել մեր կողմից` ԿԳՄՍ, իրենց կողմից` մշակույթի նախարարների փոխայցեր, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան: Խորհրդանական և ռեգիոնների մակարդակով, մեր կողմից մարզային այցելությունները, տարվա ընթացքում կրկին շատ մեծ թիվ են կազմում: Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական խոցելիության համատեքստում Ֆրանսիան կարևոր որոշում է կայացրել. օգոստոսին հայտարարեցին, որ հյուպատոսական գրասենյակ են բացելու Գորիսում: Հայաստանում բացվեց Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը, այսինքն` ռազմական կցորդի ինստիտուտի հաստատման մասին է խոսքը:

Տնտեսական ուղղություն. մենք ինտենսիվորեն շարունակում ենք հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները:

Մի շարք ընթացիկ ծրագրերի հետ մեկտեղ էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերի 13-ին Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ առայժմ լողացող ֆոտովոլտային կայանը:

Հայաստան-Գերմանիա հարաբերություններ. 2023 թվականն իսկապես աննախադեպ էր Հայաստանի և Գերմանիայի միջև բարձր մակարդակի շփումների առումով: Պետք է արձանագրել, որ տարվա ընթացքում Գերմանիան միացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական ջանքեր գործադրող երկրների խմբին: Նախ, Օլաֆ Շոլցը հունիսի 1-ին Քիշնևում մասնակցեց արդեն նշածս հնգակողմ հանդիպմանը և ապա՝ հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, և քառակողմ հայտարարության ստորագրող կողմ է, ըստ էության, Գերմանիայի կանցլերը և Գերմանիան: 

2023 թվականի ընթացքում աշխատանքային այցով Գերմանիա այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ես: Վարչապետը և նախագահը իրենց գործընկերների հետ ունեցել են նաև հեռախոսազրույցներ:

Տեղի է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի աշխատանքային այցը Հայաստան: Միջկառավարական բանակցություններ են անցկացվել ֆինանսական և տեխնիկական համագործակցության շուրջ:

Հայաստան-Միացյալ Թագավորություն. Մեծ Բրիտանիայի հետ ևս այս տարին հարաբերությունների առումով աննախադեպ էր: Հայաստան այցելեց Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպմամբ Լոնդոնում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսությունը, ընդունվել է համատեղ հայտարարություն հանդիպման արդյունքում: Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանն է այցելել Մեծ Բրիտանիա:

Հայաստան - եվրոպական այլ երկրներ․ Տեղի ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Էստոնիա։ Տարվա ընթացքում Էստոնիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն են հանդիպել և հեռախոսազանգեր ունեցել։ 

Նախագահը պաշտոնական այցով այցելել է Լիտվա, Իտալիա։ 

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Չեխիա։

Ես պաշտոնական այցով եղել եմ Մալթայում և Ռումինիայում։ Ավելորդ է նշել, որ բնականաբար նաև միջազգային հարթակներում շատ ակտիվ շփումներ և հանդիպումներ են եղել և՛ վարչապետի մակարդակով, և՛ իմ մակարդակով, մեր զանազան եվրոպական երկրների գործընկերների հետ, ես անդրադարձա մասնավորապես միայն երկկողմ այցերին։ 

Հայաստան են ժամանել, պաշտոնական և աշխատանքային այցերով հետևյալ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սլովենիայի  ԱԺ նախագահ, Հունգարիայի փոխվարչապետ, Սուրբ Աթոռի պետքարտուղար, Լիտվայի վարչապետ, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Բելգիայի, արտաքին գործերի նախարարներ, Իտալիայի մշակույթի նախարար, Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, և այլ գործընկերներ: Բելգիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում պաշտոնապես  ազդարարվել է Հայաստանում Բելգիայի Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ։ 

Տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այց Լեհաստան։ 

Հայաստան-Հնդկաստան հարաբերություններ. Կրկին շատ ինտենսիվ և արդյունավետ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ և 2023 թվականը ևս աչքի է ընկել ինտենսիվությամբ: «Ռաիսինա» երկխոսությանն ենք բավականին ներկայանալի և բազմաոլորտ պատվիրակությամբ մասնակցել: Ապրիլի 20-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները: Կառավարության տարբեր անդամներ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել են Հնդկաստան: Հայաստանի կողմից պաշտոնապես ստորագրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ նախաձեռնված «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:

Հայաստան-Չինաստան հարաբերություններ. Կրկին շարունակել ենք ինտենսիվ շփումները: Հատկապես պաշտպանության և էկոնոմիկայի գծով մեր գործընկերների միջև հայկական կողմից և բնականաբար նաև փոխադարձաբար չինական կողմից ևս ինտենսիվ շփումներ են եղել: Նաև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով կայացել են քաղաքական խորհրդակցություններ:

Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Կորեա հարաբերությունները կրկին պահպանել են իրենց դինամիկան: Քաղաքական խորհրդակցություններ ենք ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հետ և շարունակում ենք աշխատանքները 2025թ. Օսակա քաղաքում կայանալիք «World Expo» ցուցահանդեսին ՀՀ մասնակցության նախապատրաստման ուղղությամբ: Կորեայի Հանրապետության հետ կրկին շարունակելով շոշափելի արդյունքները՝ երկու երկրները հրապարակավ հայտարարել են համապատասխանաբար մյուս երկրում դեսպանություն բացելու մտադրության վերաբերյալ:

Մերձավոր Արևելք. Տարին հարուստ էր Հայաստան-Միջին Արևելք հարաբերությունների համատեքստում: Գիտեք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի հետ: Այս ուղղությամբ հայկական դիվանագիտությունն աշխատում էր շուրջ 30 տարի և, ինչպես արդեն կարող եք դատել, չկար վերջնական արդյունք: Ահա անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխադարձ ըմբռնման և համաձայնության և այսուհետև Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն դիվանագիտական հարաբերություններ, ընթացքի մեջ է դեսպանների նշանակման գործընթացը: 

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ շատ ինտենսիվ շփումներ ենք ունեցել: Ինքս այցելել եմ ԱՄԷ: Ամենաբարձր մակարդակով, օրինակ՝ ԱՄԷ-ի նախագահի կողմից ընդունելության ենք արժանացել, և պետք է ասեմ, որ շատ կոնկրետ և հետաքրքիր տնտեսական համատեղ ծրագրեր ենք քննարկում էմիրաթական կողմի հետ:

Հայաստանում է գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Պետություն

Մյունխենի անվտանգության խորհրդի համաժողովի շրջանակներում անցած տարի և այս տարի ևս վարչապետ Փաշինյանը  հանդիպումներ է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետի հետ, Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ: 

Սիրիա եմ այցելել ես՝ կրկին երկրաշարժի համատեքստում: Երկրաշարժը, որն ավերածություններ է առաջացրել Թուրքիայում, կհիշեք՝ նաև Սիրիայում է նույն աղետը տեղի ունեցել, էլի ավերածություններ, էլի հումանիտար ճգնաժամ, և նույն կերպ մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել նաև Սիրիա: Ինքս եմ մեկնել, այսինքն` օգնության մի մասը միաժամանակյա էր: Բացի Դամասկոսից այցելել եմ նաև Հալեպ:

Հետաքրքիր էր տարին նաև Միջին Արևելքին վերաբերող և ավանդաբար արաբական երկրներին ընդգրկող բազմակողմ հարթակներում մեր մասնակցության առումով: Օրինակ` ես հրավեր եմ ստացել և Կահիրեում մասնակցել եմ և ելույթ եմ ունեցել Արաբական պետությունների լիգայի նախարարական մակարդակով 159-րդ նիստին, և կրկին Հայաստանի Հանրապետությունն այս հնարավորությունը երբեք չէր ունեցել, և, կարծում եմ՝ շատ կարևոր է կանգնել Արաբական լիգայի պետությունների առջև և ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` կիսվելով բոլորին հուզող հարցերի և, առաջին հերթին, մեզ վերաբերող հարցերի և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր տեսլականով: Նման մի այլ հնարավորություն էր նաև Բահրեյնում:

Այլ գործընկեր պետությունների հետ հարաբերություններ և համագործակցություն․ Պաշտոնական այցով Հայաստանում է եղել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ Նախագահ Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվել է Արգենտինայում, Ուրուգվայում։

Շարունակելով բազմակողմ համագործակցության թեման՝ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում անցած տարի։ Մենք կազմակերպեցինք Դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների նախարարական հանդիպման շրջանակներում միջոցառումը․ և այս շրջանակներում ես շփում եմ ունեցել Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարների հետ։ Բոտսվանայի հետ ստորագրել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման համագործակցություն։ 

Կայացել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի այց Հայաստան։

Փոխվարչապետ Գրիգորյանի և Ղազախստանի փոխվարչապետի գլխավորությամբ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն է կայացել։

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի նախագահի, Բելառուսի նախագահի, Ղազախստանի նախագահի հետ։ 

Հաշվետու ժամանակաշրջանում, ԵԱՏՄ շրջանակներում կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երկու, Եվրասիական միջկառավարական խորհրդի երեք հերթական և մեկ արտահերթ նիստ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական խորհրդի 12 նիստ։ 

Հունիսի 20-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որին ես մասնակցել եմ: Գիտեք, որ ՀԱՊԿ-ում մենք մեր մասնակցությունն այս պահին որոշակիորեն սառեցրել ենք, և պատճառն էլ հանրահայտ է: Մեզ համար մինչ այս պահը անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի մեր գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին: Գիտեք, որ սա պայմանագիր է և, ըստ այդմ, կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են միմյանց, ի թիվս այլ բաների, փոխօգնությամբ հանդես գալ և պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ցավոք սրտի, այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի, և Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ընկալումը և այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ես ներկայացրի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա, անշուշտ, հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, և քանի դեռ այս հարցերին պատախասններ չունենք, մեր մասնակցությունն այստեղ որոշակիորեն սառեցրել ենք:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը շարունակվել է. կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ է տեղի ունեցել, կնքվել են մի շարք համաձայնագրեր:

Միավորված ազգերի կազմակերպություն. Ես տարածաշրջանին վերաբերող հարցերին արդեն անդրադարձա, այդ թվում՝ և՛ Անվտանգության խորհրդի 2 նիստ, և՛ տարբեր մարմինների, պաշտոնյաների հայտարարություններ և այլն: Այս հատվածում անդրադառնամ կայուն զարգացմանը և մնացած ուղղություններին, քանի որ տարածաշրջանային հարցերին արդեն եղավ անդրադարձ: Մենք շարունակել ենք մասնավորապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայուն զարգացման օրակարգում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը: Խոսեցի արդեն Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում մեր ակտիվության և Երևանում կազմակերպված միջոցառման մասին: Պետք է նշեմ, որ այդ միջոցառումը բավականին ներկայանալի էր մասնակցության առումով, օրինակ՝ ՄԱԿ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ԳՔ բարձր ներկայացուցիչ և նաև գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմա, ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ և այլն, նախարարներ և փոխնախարարներ: Հանդիպման ավարտին ընդունվել է «Երևանի հայտարարությունը», որը կարևոր նշանակություն ունի տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտի քննարկումներում:

Հոկտեմբերի 8-11-ը Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելություն՝ գնահատելու և հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կրթության ոլորտում առկա կարիքները: Ես առիթ եմ ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի նստաշրջանին մասնակցել, ելույթով հանդես գալ: Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակներում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, և կան նաև այլ համատեղ նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Հետաքրքրական փաստ. 2023թ. Հայաստանը ընտրվել է բոլոր այն 5 մարմիններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդ (ՄԱԳԱՏԷ), Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողով, Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողով, ՄԱԿ ծրագրերի և համակարգման կոմիտե և ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտե:

ԵԱՀԿ-ում մեր մասնակցությունն ակտիվորեն շարունակվել է: Մեր նախաձեռնությամբ, մեր տարածաշրջանին վերաբերող հարցերով տեղի է ունեցել 14 ընթացիկ քննարկում: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին է այցելել Հայաստան:

ԵԱՀԿ համատեքստում կարևոր իրադարձություն էր նոյեմբերի 18-19-ին Երևանում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի բացմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Եվրոպայի խորհուրդ. Մենք կարողացանք պաշտոնական մեկնարկ տալ Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրին: Ծրագրի բյուջեն 21 միլիոնից ավել է: Ռեյկյավիկում կայացավ ԵԽ երկրների կառավարությունների և երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովը, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի հետ շարունակվել է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Ես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել եմ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նրա հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ շփումներ, նրան ընդունել է վարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե և Հայաստան ձևաչափով հանդիպմանը: Հետաքրքրական փաստ. Հայաստանը Կոսովոյում իր խաղաղապահ անձնակազմը 2023թ.-ին ավելացրել է 17 զինծառայողով, այժմ մենք ունենք 57 զինծառայող այս առաքելության կազմում: Համաձայնեցրել ենք «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագրի նախագիծը, սա նոր նախագիծ է, ըստ էության, իր նախորդ՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ֆորմատն արդեն սպառել էր իրեն և հիմա մենք այս նոր ձևաչափին ենք անցել՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն․ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր ակտիվությունը շարունակվել է։ Գիտեք, որ մենք նախագահություն ունենք և 2023թ. սեպտեմբերի 29-ին փոխանցել ենք մեր հայտը Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ։ Դեկտեմբերի 14-ին արդեն այդ հայտի շնորհանդեսը տեղի է ունեցել։