Կայացել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» շտաբային վարժանք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 29-30-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն՝ ուղղված երկրորդային ազդեցությամբ արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվության կառավարմանը, որոշումների կայացման և համակարգման պատրաստականությանը, արձագանքման մեխանիզմների և կարողությունների ստուգմանը, համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքման կարողությունների զարգացմանը։
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության ծառայողները։
Կազմակերպչական, գնահատման և խորհրդատվական աշխատանքներում ներգրավված էին Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուներ, PPRD East 3 թիմը և մի շարք փորձագետներ:
Ողջունելով ներկաներին՝ PPRD EAST 3 խմբի ղեկավար Դավիդե Միոցցոն շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և համակարգող կողմի ներկայացուցիչներին՝ միջոցառման իրականացման համար և հավաստիացրեց, որ միջոցառումն իր դրական արդյունքները կունենա աղետներին դիմակայելու գործում։
Ուսումնավարժանքը մեկնարկեց անտառային հրդեհի հավանական տարածքի ներկայացումով և, ըստ սցենարի, յուրաքանչյուր բաղադրիչի ներկայացուցիչ սկսեց իր գործողությունները։
Օրակարգում ընդգրկված էին անտառային հրդեհի դեպքում վարքագծի կանոնների, անվտանգության ապահովման, ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, ռիսկերի գնահատման, վաղ նախազգուշացման, վաղաժամ գործողությունների իրականացման և այլ հարցեր։
Իրականացվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ, խաղարկվեցին մոնիթորինգի և կանխատեսման, հրդեհային օջախի հնարավոր տարածման արտապատկերման և քարտեզագրման աշխատանքներ։ Փորձարկվեց Փրկարար ծառայությանը նվիրաբերված շարժական հիդրոմետ կայանը, որը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող տարածքից պարբերաբար ստանալ ավտոմատ թարմացվող տեղեկատվություն քամու ուղղության, արագության, օդի ջերմաստիճանի, տեղումների քանակի վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում հիմնական շեշտը դրվեց հաղորդակցության, մասնակիցների ներգրավվածության վրա՝ խթանելով արդյունավետ փոխգործակցությունը։
Աշխատանքային երկրորդ օրը տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժանքի ղեկավար կազմի և վարժանքի բաղադրիչների պատասխանատուների մասնակցությամբ աշխատաժողով: Ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները, նախանշվեցին առաջիկա անելիքները։
Դավիդե Միոցցոն ամփոփիչ խոսքում նշեց, որ ուսումնավարժությունները հնարավորություն են տալիս գնահատելու համատեղ աշխատանքը և բարձրացնելու ներուժը՝ ճգնաժամային կառավարումից մինչև ուսումնավարժությունների կազմակերպում և վերահսկում: Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և պատրաստակամության համար, նշեց, որ ՀՀ փրկարարական ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է տարածաշրջանում աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի գնահատման և վաղ ազդարարման համակարգերի ամրապնդման միջոցով աղետների կանխարգելմանը և ճգնաժամերի արդյունավետ կառավարմանը։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։