Վիճարկվող օրինադրույթը համապատասխանում է Սահմանադրությանը
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ
Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը
համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է, որ
վիճարկվող օրինադրույթը համապատասխանում է Սահմանադրությանն այն
մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական
օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը,
Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև
դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված
մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի
արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության
պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Վիճարկվող օրինադրույթի՝ հաշվի առնելով վերջինիս իրավակիրառ պրակտիկայում
տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական
դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ մեղադրանքի իրավական կողմի՝
արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված
լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։ Հնարավոր է իրավիճակ,
երբ առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության առաջանա մեղադրանքի
իրավական կողմի՝ արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության
անհրաժեշտություն նաև այն դեպքում, երբ ամբաստանյալին մեղսագրվող արարքը
որակող քրեաիրավական նորմը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվում է
Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այդպիսի իրավիճակը կապված չէ
մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ, ըստ այդմ՝ այն չի կարող
բացահայտվել ապացույցների հետազոտման, քննչական կամ այլ դատավարական
գործողությունների կատարման արդյունքում։
Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկվող օրինադրույթին
իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ մեղադրանքի փաստական
կողմից անկախ՝ իրավական գնահատականի փոփոխության բացառման առումով,
կաթվածահար է անում դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական
գործառույթի իրացումը՝ հանգեցնելով նաև դրանով պաշտպանվող տուժողի մասնավոր
շահերի ոտնահարմանը, տուժողի իրավունքների պաշտպանության
երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման և
իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։
Սահմանադրական դատարանը նշել է, որ մեղադրողը, առաջնորդվելով ՀՀ քրեական
օրենսգրքի՝ արարքի հանցավորությունն ու պատժելիությունը հանցանքի կատարման
պահին գործող օրենքով որոշելու սկզբունքով, օբյեկտիվորեն չի կարող
կանխատեսել մեղադրյալին (ամբաստանյալին) մեղսագրվող արարքի որակման
հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին
Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը: Հետևապես՝ եթե դատական
վարույթի ընթացքում փաստվում է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի համապատասխան իրավանորմը ճանաչվել է Սահմանադրությանը
հակասող և անվավեր, և մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է
որակվել ՀՀ քրեական օրենսգրքի այլ գործող հոդվածով, ապա նա, Օրենսգրքի
309.1-ին հոդվածի հիման վրա, իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն
ուղղված քայլեր ձեռնարկել՝ գնահատելով այն հանգամանքը, որ առկա է
հանցագործության դեպք, հանցագործության արդյունքում տուժել են անձինք,
պահպանվել են այդ արարքին մեղադրյալների առնչությունը և օբյեկտիվ կապը, և
պատշաճ իրավական ընթացակարգով չեն հերքվել նրանց առաջադրված մեղադրանքները:
ՍԴՈ-1741 որոշումը՝ կից հղումով
https://concourt.am/decision/decisions/66a253321767a_sdv-1741.pdf
https://concourt.am/news/single/mamowli-haghordagrowt-yown-11