Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Փարաջանովին նվիրված ֆիլմը այսօր կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը ստեղծագործական, պրոդյուսերական կազմը Վենետիկում է:

Աշխարհահռչակ Փարաջանովին նվիրված ֆիլմն իսկապես միջազգային է ստացվել՝ թե աշխարհագրությամբ, թե գրանցած հաջողություններով: Հայաստանը ներկայացնող ֆիլմը ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Իսկ սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակներում ֆիլմի համաշխարհային պրեմիերան է:

Ֆիլմի՝ հեղինակավոր փառատոնին մասնակցության առիթով, Հայաստանի դրոշը, 20 տարի անց,կրկին ծածանվում է: Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի պատվիրակությունը պրեմիերային ընդառաջ փառատոնի տնօրինության հետ հանդիպելու առիթ է ունեցել, որպեսզի ստեղծագործական թիմի անունից շնորհակալական խոսքը հայտնի:

Նշենք, որ ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն:

Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին: Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։ Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող և օրինակ է: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Սերբիայում՝ 2023թ-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ-ի օգաստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ-ի փետրվարին,որտեղ նկարահանվեր է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023 թ-ի հուլիս-հոկտեմբեր և 2024 թ-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդությոն դեպի Երեւան կատարեց նաև Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։