Աբովյան քաղաքում բացված «ԱՐՈՒՍՅԱԿ» զարգացման կենտրոնը արցախցի երեխաների համար անվճար է
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրորդ կարգի հաշմանդամ Արուս Գաբրիելյանի ընտանիքն Աբովյանում է հանգրվանել։ Այստեղ են 2020 թվականից։ Չարաբատիկ պատերազմի հետևանքով տիկին Գաբրիելյանը Հայաստան էր տեղափոխվել երեխաների հետ, երբ վարակվեց քովիդով։ Այն բավականին բարդություններ էր առաջացրել երիտասարդ կնոջ՝ առանց այն էլ փխրուն առողջական վիճակի վրա։ Տիկին Գաբրիելյանը, սակայն հիվանդությունից ուժեղ է գտնվել։ Ոտքի է կանգնել, իրականություն դարձրել տարիների երազանքը։
Այսօր Աբովյան քաղաքում մեծ սիրով ու ակնածանքով են խոսում արցախցի Արուս Գաբրիելյանի մարդասիրական ձեռնարկումից։ Այստեղ նա զարգացման կենտրոն է բացել, որտեղ աշխատանքով ապահովված է 6 արցախցի։ Սաները, հիմնականում, նույնպես արցախցիներն են։
Ֆրանսիական բարեգործական կազմակերպություններից մեկի շահառուներից են՝ դրամաշնորհ են շահել, խոցելի խմբին պատկանող ընտանիքների երեխաներն անվճար են հաճախում կենտրոն։
Բռնազավթված Արցախի պետական համալսարանի կադրերի բաժնի նախկին տեսուչն այժմ առօրյան առանց իր սանիկների չի պատկերացնում, կորուսյալ հայրենիքի սերն ու կարոտը նաև նրանցից է առնում։
«Ի սկզբանե ուզում էի բացառապես անվճար լիներ կենտրոնի գործունեությունը, սակայն հետո հասկացանք, որ ապագայում դժվարությունների առջև ենք կանգնելու, քանի որ դրամաշնորհը մեկանգամյա բնույթ է կրում։ Կենտրոնում ստեղծվել է ամրակուռ ընտանիք, որտեղ յուրաքանչյուր երեխա գտնվում է ուշադրության կենտրոնում, շրջապատված սիրով և հոգատարությամբ։ Բռնագաղթ տեսած երեխաներին անհրաժեշտ է զգալ ու տեսնել մեր ամենօրյա հոգածությունը, ուստի կենտրոնի աշխատակազմում նաև հոգեբան ենք ընդգրկել, քանի որ խնդիրներ կան, որոնք միայն հոգեբանական տարբեր հնարքներով է հնարավոր երես հանել, շտկել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Արուս Գաբրիելյանը։
Ապրելով Աբովյանում և շփվելով արցախցի ընտանիքների հետ զրուցակիցս պարզել է, որ ծնողները խնդիրների են բախվում մանկապարտեզներում, երեխաները դժվարությամբ են ինտեգրվումը նոր պայմաններին, խոսքն ու մոտորիկան խանգարում են նրանց կոլեկտիվներում լիարժեք ընդգրկվելուն, հաճախ նաև չհասկացված են մնում։
«Երեխաները մեր բարբառի պատճառով խնդիրների են բախվել։ Ու նաև այս հանգամանքն է ինձ դրդել իրականություն դաձնելու իմ վաղեմի երազանքը։ Այսպես թե այնպես մենք գնում ենք դեպի ինտեգրում, երեխաների մոտ դա պետք է աստիճանաբար ընթանա, որպեսզի կողմնակի ազդեցություններ չունենա նրանց վրա՝ հավելյալ հոգեբանական խնդիրներ չառաջացնի»։
Առայսօր բժիշկների վերահսկողության տակ է գտնվում տիկին Գաբրիելյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մանկապարտեզը, ասում է, էապես փոխել է իր կյանքը՝ ամենաջերմ, ամենաազնիվ, ամենամաքուր ձևով։ Այժմ իր սանիկներով է ապրում, օրը բովանդակալից դարձնում։
«Կյանքում շատ դժվարությունների միջով եմ անցել։ 9 տարի շարունակ բժիշկների հսկողության տակ եմ գտնվում։ Բնությամբ լինելով անսահման երեխասեր, հիվանդության պատճառով երկու զավակից ավելին չկարողացա ունենալ։ Այսօր, ի ուրախություն և ի երջանկություն ինձ երկու տասնյակի հասնող երեխա ունեմ, որոնց աչքերի փայլից ինձ աշխարհի երջանիկներից մեկն եմ զգում։ Ես ապրում ու շնչում եմ մանկապարտեզով, ինչը վստահաբար կարող եմ ասել նաև իմ աշխատակիցների մասին։ Այս պահին ցանկացած միջոց ձեռնարկում ենք, որպեսզի մանկապարտեզի գործունեությունը մի ինչ-որ կետում կանգ չառնի, արցախցուն բնորոշ համառությամբ պայքարում ենք»,- նշում է զրուցակիցս։
«ԱՐՈՒՍՅԱԿ» զարգացման կենտրոնի տնօրենը երախտագիտությամբ է խոսում աշխատակիցների մասին։ Կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ երեխաների զարգացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
«Դաստիարակները բարձրագույն կրթությամբ մանկավարժներ են, կիրթ ու բանիմաց։ Ինքներս ենք կազմում ծրագրերը, նախօրոք պլանավորում օրվա անլիքները, անում հնարավորը՝ երեխաների բազմաբովանդակ առօրյան ապահովելու համար։ Մեր սանիկների հայեցի դաստիարակության, օտարածին բառերից ձերբազատվելու համար անում ենք հնարավորը, քանի որ ինչպես գիտեք, մեր բարբառի մեջ շատ են օտարահունչ բառերը։ Ուրախ եմ, որ ունեմ նման թիմ, որի շնորհիվ կարողանում եմ ապահովել ամենաջերմ մթնոլորտը։ Այս ամենից իհարկե անմասն չեն նաև մեր ծնողները, առանց որոնց նվիրվածության ամեն ինչ իսկապես թերի կլիներ»,- ասում է տիկին Գաբրիելյանը։
Մանկապարտեզի հանդիսավոր բացումը ընթացող տարվա մայիսին է եղել։ Արցախցի այն ընտանիքների երեխաները, որոնց մայրիկները դեռևս աշխատանք չեն գտել, 9։00-14։00-ը անվճար են հաճախում մանկապարտեզ, տեղացիների ու քնի ռեժիմից օգտվող երեխաների համար վճարովի է։ Անվճար հիմունքներով ընդունվում են 2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանված արցախցիների երեխաները։ Տարիքային շեմը 1.5 -ից է սկսում։
«Մեծ ցավ եմ ապրում, երբ մեր հայրենակիցները ստիպված լքում են մայր հայրենիքը։ Եթե նախկնում 24 սանիկ ունեինք, այժմ 17-ն են։ Մեր նպատակը նաև արտագաղթը կանխելն է։ Բազմաթիվ ընտանիքներ այս կամ այն խնդիրների բախվելով, որոշում են կայացնում երրորդ երկրներ տեղափոխելու, ինչը շատ ցավալի է»,- ասում է տիկին Գաբրիելյանը։
«Աբովյանում նման մանկապարտեզ ունենալը մեծ աջակցություն է այստեղ բնակվող արցախցիների համար։ Իմ որդին բացման օրվանից այնտեղ է։ Ասել, որ գոհ եմ մեր երեխաների հետ տարվող աշխատանքներից, դաստիարակությունից ու հոգատար վերաբերմունքից՝ կնշանակի ոչինչ չասել։ Իմանալ, որ քո բալիկ հուսալի ձեռքերում է՝ անփոխարինելի զգացողություն է յուրաքանչյուր ծնողի համար»,- ասում է ծնողներից Լիլիթ Առստամյանը։
«ԱՐՈՒՍՅԱԿ» զարգացման կենտրոնում երեխաներին նաև օտար լեզուների հետ են ծանոթացնում, աշխատում ծեփամածիկով, հետաքրքրաշարժ խաղերով զբաղվում, իսկ կավի հետ աշխատանքը բարերեր ազդեցություն է ունենում մանուկների հոգեկան առողջության վրա։
Անահիտ Պետրոսյան