Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատավորների գնահատման համակարգի փոփոխություն․ ի՞նչ են պլանավորում իշխանությունները. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Օբյեկտիվորեն հնարավոր չէ ունենալ մի իրավիճակ, որ 314 դատավորները գնահատման արդյունքում ստանան 90-100 միավոր»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած բանավեճի ժամանակ ասաց Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը։

Արուս Հայրապետյանը գտնում է, որ դատավորների գնահատման գործող համակարգը օբյեկտիվ չէ։ Օրինակ, դասավանդելը դատավորին հավելյալ միավոր էր ապահովում։ Բայց դատավորը կարող է բացակայել աշխատավայրից, ուշացնել դատական ակտերի կայացումը և այլ խնդիրներ առաջացնել, որոնք կարող են բխել նույն դասավանդումից։ Նախագիծը մշակողները որոշել են գնահատել դատավորի միայն դատական գործունեությունը ու ոչ թե այլ աշխատանքները և գնահատման համակարգից հանել են դասավանդման չափորոշիչը։

Այս փոփոխության հետ համաձայն էր քննարկմանը մասնակցող՝ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» տնօրեն Գենյա Պետրոսյանը, ով գտնում է, որ գնահատման նոր չափանիշները ավելի լավն են։ «Միևնույն ժամանակ ունենք խնդիրներ, որոնք պայմանավորված են ծրագրային լուծումների բացակայությամբ և դժվարացնում են վեր հանել դատավորի գործունեության օբյեկտիվ պատկերը։ Չունենք այն էլեկտրոնային գործիքները, որոնք ավտոմատացված ձևով հնարավորություն կտան շատ կոնկրետ տեղեկություն տալ, ավելի մանրամասն, ուղորդված դատական սխալները վեր հանել և իրականացնել օբյեկտիվ գնահատում»,- ասաց Գենյա Պետրոսյանը։

Դատավորներին գնահատում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված հանձնաժողովը, նոր կարգավորումներն առաջարկում են ստեղծել գնահատման այլ մարմին։ Նախապես առաջարկել են ձևավորել 25 հոգուց բաղկացած մի հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն 10 դատավոր և 15 ոչ դատավոր անդամներ։ Նախագիծն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով դիտարկմանը, որն էլ չէր ընդունել այդ համամասնությունն ու խորհուրդ տվել ձևավորել 15 անդամներից բաղկացած մի մարմին, որտեղ դատավորները կունենան առավելություն՝ 8 անդամ, ևս 7 անդամ կլինեն ոչ դատավոր անդամները։

Գենյա Պետրոսյանը կարծում է, որ գնահատման նոր չափանիշները կնպաստեն դատավորների գործունեության օբյեկտիվ գնահատման համակարգի ստեղծմանը։ «Բայց շատ բան կախված է կիրարկումից»,- հավելեց նա։

 

Բանավեճն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։