Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են
Աջակցիր «Ա1+»-ինՕրվա իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել մակրոտնտեսական ցուցանիշների արագացող բացասական միտումները։
2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ շուրջ երկու անգամ զիջում էր նախորդ երկու տարիներին արձանագրված տնտեսական երկնիշ աճերի փաստացի ցուցանիշներին։
Բազնիցս ենք փաստել, որ 2022-2023 թվականների բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է։
Երկու շաբաթ անց, բախվելով իրականությանը, իշխանական անսահման պոպուլիզմը որոշակիորեն նահանջել է։
2025 թվականի պետական բյուջեի հաստատված նախագծում ՀՆԱ-ի կանխատեսվող աճի ցուցանիշը կրճատել են 10 տոկոսով՝ 5,6 տոկոսից դարձնելով 5,1 տոկոս։ Ի դեպ, հեղինակավոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումը նույնիսկ այս նվազեցված ցուցանիշից ավելի ցածր է։ Ըստ այդմ՝ հաջորդ տարվա պետական բյուջեում համամասնորեն նվազեցվել են և՛ նախապես ներկայացված եկամուտները, և՛ ծախսերը։
Հաջորդ տարվա պետական բյուջեում ամենաբարձր աճն ունի պետական պարտքի սպասարկումը՝ 13 տոկոս կամ 50 միլիարդ դրամ, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։
Սա է պատճառը, որ 2025 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը։ Ավելին՝ օրվա իշխանությունը քննարկում է նաև հաջորդիվ նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծեր։
Այս տարի ևս իշխանության առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նվազելով՝ երրորդ եռամսյակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանվելու դեպքում տարին կամփոփվի շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։
Իսկ պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից ավելի արագ չափով և կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հիմա ներկայացնեմ մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշների խորացող բացասական միտումները։
Շարունակվում են պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման էական թերակատարումները՝ շուրջ 10 տոկոսի շրջանակներում։
Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանման արդյունքում ձևավորված՝ արդյունաբերության ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը 3,5 անգամ նվազելով հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դեպ, իշխանությունն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու
վերարտահանման այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր արդյունաբերության ոլորտի անկում։
Գյուղատնտեսության ոլորտը առաջին կիսամյակի չնչին աճեից հետո բերքահավաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսյակում նորից գրանցել է անկում։
2024 թվականի հունվար-հոկտեմբերին տեղեկատվության և կապի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։
Փոխարենը՝ այս նույն ժամանակահատվածում երկնիշ աճում է խաղամոլությունը։
Արտաքին տնտեսական կախվածությունը մեկ երկրից շարունակաբար մեծանում է։ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68 տոկոսով, ներառյալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձև աճը։ Ի դեպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկում։
Այս տարվա 10 ամիսներին ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս։
Այս նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ՝ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով աճ, Վրաստանի հետ՝ գրեթե զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ նվազել է 15 տոկոսով, ԱՄՆ-ի հետ՝ նվազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանվել է Արաբական Միացիալ Էմիրություններ, որի արդյունքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։
Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ-ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։
Կապիտալը «փախնում է» մեր երկրից․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, ՕՈՒՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցվել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։
Շարունակելի ․․․
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր