Որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինՀամաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է չմասնահանված գումարի նկատմամբ:
Խորհրդարանը հունվարի 22-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, եւ մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր: Սարքավորումների շահագործման ապահովման բարդությունը կապված է նաեւ պահեստամասերի ձեռքբերման խնդրի հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները բացի հին եւ մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ: Մի շարք այլ խնդիրներ առկա են ենթակայանների շահագործման խնդիրների առումով:
Ծրագրի շրջանակը ներառում է նաեւ միջոցառումներ եւ ներդրումներ՝ ուղղված SCADA տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման ավարտին, որը կբարձրացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի թվայնացման մակարդակը եւ կբարելավի իրական ժամանակում կարգավորումը: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, նաեւ կկրճատեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը: Ակնկալվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2028 թվականը:
«Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաեւ կկրճատվեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը»,- այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը: