Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ծրագրով և նաև մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությամբ կարևոր թիրախ է մշակույթի տնտեսականացումը: Եվ, ըստ նրա, Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: «Այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք: Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաև մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև
առաջարկի-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է նախարարը:
Օրենքի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը. «Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը մեր դաշտում կստեղծի ներուժ աճուրդային շուկան տարածաշրջանային հետաքրքրության առարկա դարձնելու»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» գործող օրենք, որը չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար: «Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այն բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել:
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում. «Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Մենք նաև սահմանել ենք, որ դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ, լինելու է էլեկտրոնային»:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է՝ մեխանիզմը շատ հրապարակային և թափանցիկ է լինելու, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային հարթակն ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, և պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ էականորեն աճելու է. «Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը կա, բայց առևտրի ձևն անընդունելի է այն մարդու համար, որը ցանկություն ունի գնելու, որովհետև ո՛չ մատակարարման հարցն է հասկանում, ո՛չ իսկության, ո՛չ վճարման ու գնագոյացման, իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է՝ առաջին հերթին արվեստի զարգացման համար»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե մեզ հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս: Այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ»:
Վարչապետն անդրադարձել է անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը թանգարաններում շատ քիչ ներկայացված լինելու հանգամանքին և այդ հարցը կարևորել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից. «Մենք մեր
աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, էլ ոչ մի բան չկա՝ ՀՀ-ում արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ստեղծագործություն չկա՞, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո՛, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»:
Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության որոշմամբ Արթուր Նահապետյանին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտե նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից՝ կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի դիմումը Կառավարության կողմից հաստատվելուց հետո: Նա նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է Կառավարությունը 6 տարի ժամկետում: Ըստ այդմ՝ ձևավորվել է մրցութային խորհուրդ: Մրցույթի 5 թեկնածուից 3-ը հաղթահարել են միավորների շեմը: Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել են Կառավարության քննարկմանը: «Քննարկման արդյունքում նախագծով առաջարկվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բոլոր թեկնածուների հետ երկու փուլով հանդիպումներ է ունեցել և քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ այս եզրահանգումը ինչ-որ առումով համընկել է մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե՛ բարեվարքության միավորով, թե՛ ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև մրցույթի մյուս, մասնավորապես՝ շեմը հաղթահարած մասնակիցներին:
Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ և պատասխանատվություն է իր համար։ «Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը և դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար»,- ասել է Արթուր Նահապետյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հակակոռուպիցոն կոմիտեի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ կարևոր է ունենալ ելքի մասին որոշակի պատկերացումներ. «Նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում՝ Կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ արտահայտված: Օրենսդրությամբ թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն տարեկան գործունեության հաղորդում են ներկայացնում Կառավարություն։ Վերջին անգամ, երբ հաղորդումը ստացել եմ, այն մակագրությամբ վերադարձրել եմ՝ խնդրելով լրացնել տվյալը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի դատարան ուղարկված գործերի ծավալը ինչպիսին է, ինչ ծավալ է, որ ավարտվել է դատավճռով, ինչքանն են մեղադրական,
ինչքանն արդարացման։ Սա շատ կարևոր ցուցիչ է, որովհետև երբեմն այդ հաշվետվություններում ավանդաբար ասվում է, որ հարուցվել է այսքան քրեական գործ, բայց դրա մեջ ծավալի առումով ոչ մի դրամատիկ բան կարող է և չլինել, այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել»։
Վարչապետը նշել է, որ պետք է արձանագրել՝ քրեական գործերի հարուցման հետ ինչ է տեղի ունեցել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է ի վերջո թե՛ հանրությունը, թե՛ Կառավարությունը պատասխան ունենա»։
Երկրի ղեկավարն ընդգծել է ՝ այս հարցերում Հակակոռուպցիոն կոմիտեն ունի կարևոր դերակատարում և ակնկալում է, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմնարար խնդիրն այն է, որ համակարգն ու մեխանիզմը հստակ աշխատեն ու պատասխան տան։ Երկրի ղեկավարը նաև նշել է. «Մենք հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև Կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված»:
Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները
Կառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը և անվտանգությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագիծը շարունակությունն է այն բարեփոխման, որը մեկնարկել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: «Նախորդ տարի ընդունվել է նոր օրենքը, որում դրված են մասնավոր ոլորտի հետ համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման իբրև ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները: Դրանից հետո անհրաժեշտ են կարգավորումներ: Այժմ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը հնարավոր է դարձնում, որպեսզի ուսանողը թե՛ աշխատի, թե՛ սովորի: Մենք դուալ կրթության համակարգում ունենք գործատուի հետ համատեղ կամ աշխատավայրում կամ աշխատավայրին հարմարեցված պայմաններում կազմակերպվող ուսումնառության գործընթաց: Այստեղ կա մի առանձնահատկություն, որ այս անձը միաժամանակ համարվում է և՛ ուսանող, և՛ նաև գտնվում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ»:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ այդմ՝ անհրաժեշտ են կարգավորումներ, որպեսզի գործընթացը պատշաճ ձևով ընթանա. «Անհրաժեշտ են կարգավորումներ,
որոնցով անչափահաս անձինք, որոնք հանդիսանում են ՄԿՈՒ համակարգում սովորող ուսանողների մեծ մասը, ապահովված կլինեն այս տիպի աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության և անվտանգության պահպանման պայմաններով»:
Նախարարի խոսքով՝ աշխատավայրին հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունն անհրաժեշտություն է, որովհետև այն տալիս է համապատասխան գործնական հմտություններ ունեցող մասնագետներ. «Հետևաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ՝ թե՛ բժշկական զննության, թե՛ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների: Օրենսդրությամբ արդեն իսկ ունենք առանձին կարգավորված ցանկը: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և մեծ թվով այլ ոլորտների, որոնք ՄԿՈՒ համակարգում կարևոր նշանակություն ունեն: Կարծում ենք՝ այս կարգավորումը հնարավորություն կտա այդ աշխատանքը կազմակերպել շատ ավելի տեսանելի հեռանկարով, միևնույն ժամանակ՝ մասնավորի ներգրավումը դարձնելով ավելի դյուրին: Այս պահին դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են մեր 21 հաստատություններում՝ 27 մասնագիտություններով և ցանկը գնալով ընդլայնվում է»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն կրթության ոլորտի մեր քաղաքականությունների, այլև տնտեսության զարգացման համար: «Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում մենք քննարկել ենք, որ հատկապես մարզերում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել: Մեր պատկերացումը հետևյալն է, որ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը և ցանցը: Ընդ որում, պետք է այդ ցանցերը աշխատեն հետևյալ տրամաբանության վրա՝ իրենք հենված լինեն տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա: Մենք այս աշխատանքը հիմա անում ենք»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև քոլեջների կառավարման համակարգերում տնտեսության ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը. «Այստեղ շատ կարևոր է հասկանալ և տեղորոշել մարզի զարգացման ռազմավարական հեռանկարները: Եվ պետք է որոշել այն ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար, այդ ոլորտներում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների ներգրավվել քոլեջների կառավարման խորհուրդներում և կառավարման համակարգում: Նրանց էլ հնարավորություն տալ ներդրումներ անելու, այդ թվում՝ սարքավորումների տեսքով»:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Մասիսի Գյուղատնտեսական քոլեջում ձկնաբուծության ուղղությամբ ավելի սերտ աշխատանքներ, քոլեջ է վերակառուցվում Նոր Գեղիում, որը հատկապես ինտեսիվ գյուղատնտեսության, ջերմատնային տնտեսության մասով կարող է ակտիվ համագործակցություն ունենալ:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ այստեղ խթանների մասին պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ մասնավոր հատվածը մասնագիտական կրթության և ուսուցման այս ոլորտում ներդրումներ անի: Մյուս կողմից ենթադրում եմ, որ, օրինակ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ լուրջ խթան է այդ
ուղղությամբ, եթե մենք կարողանանք արդյունավետ ձևով մեր տարբեր իրական տնեսությունը ներկայացնող ձեռնարկություններին ներկայացնել, որ այդտեղ ներդրումային մեծ հնարավորություններ կան: Այսինքն՝ եթե որևէ մեկը ներդրում է անում, ուսուցման հաստատություն է ստեղծում, ապա առնվազն կրթության վճարները սոցիալական կրետիդների ձևով վերադարձի շատ մեծ հնարավորություն են»:
Վարչապետն այս համատեքստում էլ է կարևորել պատշաճ իրազեկումն ապահովելու անհրաժեշտությունը՝ գործընթացի արդյունավետ իրականացման համար:
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգին և նշել, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում. «Առաջինը թվայնացման ուղղությամբ է սա մեզ շատ մեծ խթան տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու թվային հարթակներն ուժեղացնել: Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում, որը միանշանակ ուժեղացնում է և՛ պետությունը, և՛ քաղաքացուն: Եվ երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու»:
Վարչապետը նշել է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս գործընթացից իր ոգևորությունը չի նվազում. «Ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ համակարգի մասին իրազեկման տեմպը պետք է շարունակել:
Թեմայի առնչությամբ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը ավելի զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան:
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա
Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայաստանի անունից Սիրիա ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով: Որոշման ընդունմամբ՝
հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար:
Սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ բացակայում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների ներքին հարդարման նվազագույն ստանդարտներ (նորմեր), այն է՝ նվազագույն (արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով և այլն) չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։ Որոշմամբ առաջարկվում է կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ավարտական ակտի ու շահագործման թույլտվության ձևակերպման առանձնահատկությունների մեջ որպես ընդհանուր պահանջ սահմանել առանց ներքին հարդարման, սակայն նվազագույն չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող լրացումները և փոփոխությունները կնպաստեն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ավելի որակյալ՝ նվազագույն ներքին հարդարմամբ բնակարանների շահագործմանը և լուրջ խթան կհանդիսանան կառուցապատման ոլորտի զարգացման համար:
Կկանոնակարգվի ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու համար: Որոշման ընդունման արդյունքում՝ խթանվի Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ըստ այդմ, առաջարկվում է պետական օժանդակության հետևյալ գործիքը՝ գնորդ կողմին ֆինանսապես աջակցելու է, որպեսզի տվյալ արտադրանքը ձեռք բերեն տեղական արտադրող-վաճառողից։ Այսպիսով՝ նախատեսվում է օժանդակություն տրամադրել ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի 10 %-ի չափով սուբսիդավորման ձևով այն տնտեսավարողներին, որոնք ՀՀ-ում ձեռք կբերեն տեղական արտադրության վերոնշյալ արտադրատեսակների առաջին փուլում ստացված արտադրանքները։ Տնտեսավարողների համար կստեղծվի մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն վերամշակման նպատակով՝ տեղական արտադրողի կողմից արտադրված նպատակային ծրագրով սահմանված ապրանքերի ձեռքբերման միջոցով արտադրության անընդհատության ապահովման
համար, ինչը կնպաստի ՀՀ-ում արտադրության շղթայի երկարացմանը, հետևաբար նաև արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է սահմանված ապրանքների՝ տեղական արտադրողի կողմից այդ ապրանքների՝ պահեստում ժամանակավոր պահման ժամանակահատվածում արտադրական գործընթացն իրականացնելու նպատակով ներգրավվող վարկերի սուբսիդավորում: Սահմանված ապրանքների իրացման դեպքում, պետության կողմից նախատեսվում է սուբսիդավորվել յուրաքանչյուր իրացրած տոննայի համար 10 հազար դրամի չափով։
Կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանա ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ դրույթներ փոփոխելու, շահառուի և կապալառուի հարաբերությունները հստակեցնելու նպատակով: Ծրագրի շրջանակում կնքվել է 7 պայմանագիր՝ 33,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Մասնավորապես, հնարավորություն է տրվում շահառուներին, որ իրենք ձեռք բերեն ջերմատների կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցները, իսկ ջերմատների կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացվեն մեկ կապալառու կազմակերպության (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) միջոցով, որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել ենթակապալառուների։ Միաժամանակ, կատարվել է լրացում, ըստ որի՝ յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված և նախորդ ամսվանից սկսած նոր շահառուների (կամ բացառապես նախորդ ամսվա մեջ նոր ձեռք բերված սուբսիդավորման իրավունքից օգտվող շահառուների) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները։ Արդյունքում՝ կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանա ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որոնց համաձայն՝ ՀՀ տարածք ապրանքի ներկրման նպատակով՝ դիմումատուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա կբաշխվի դիմումատուների միջև քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը և պահանջվող տեղեկատվությունը կփոխանցվի Պետական եկամուտների կոմիտե: Կիրականացվի նաև ներկայումս գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։ Ըստ այդմ՝ կապահովվի 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ
Կառավարությունն ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի մասին»
որոշում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Կապահովվի Լենուղի բնակավայրի բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչներին բնակարանային պայմանների բարելավելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ շենքերը վթարային են և գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, առկա է փլուզման վտանգ: Շուրջ 22 շահառու ընտանիքների համար նախատեսվում է բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման կամ անհատական բնակելի տուն կառուցելու վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրել։ Հաշվի առնելով հարցի հրատապությունը և ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը առաջարկվում է վթարային այդ շենքերի բնակիչներին՝ 22 շահառու ընտանիքներին, բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն վկայագրի միջոցով։ Տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 1-սենյականոց բնակարանի համար` 7 մլն դրամ, 2-սենյականոց բնակարանի համար` 8.5 մլն դրամ: Որոշմամբ առաջարկվում է նաև Արմավիր համայնքի ղեկավարին իրականացնել նշված շենքերի քանդման աշխատանքները։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Գեղամավան գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր
Կառավարության որոշումներով «Յունիքեյր գրուպ», «Ադանաս», «Աթանեսյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Աթանեսյանս» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 20053 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025թ.-ի հունվար ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր և դրա հիմնական մասը՝ 98 տոկոսը, վաճառվելու է
ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 2 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման համար և 870 մլն դրամի ներդրում հողային աշխատանքների, կոմունիկացիաների, մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75.5 մլն դրամ:
«Յունիքեյր գրուպ»-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բժշկական պարագաների արտադրության համար՝ իրականացնելով 35.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 15-ի՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.9 մլն դրամ:
«Ադանաս»-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սպունգի և միկրոֆիբրե մաքրող լաթերի (Արմսպունգ ապրանքանիշի ներքո) արտադրության համար՝ իրականացնելով 1.4 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառում է նաև ձեռքբերվող հումքի արժեքը) և 500 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 35 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 70-ի՝ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։
Այլ որոշումներ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխություն» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը թիրախավորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։
Համաձայնագրի ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,100,000 ԱՄՆ դոլար:
տատել է ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքը: Փաստաթղթի հիմնական նպատակը հանրապետության ամբողջական քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների որոշումն է՝ անվտանգ և առողջ կեսոլորտի ստեղծմամբ, բնակավայրերի կայուն զարգացմամբ, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման ապահովմամբ: Այն հիմք կհանդիսանա տարածական զարգացման պլանավորման ազգային ռազմավարության արդիականացման և հաստատման:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կարիքների համար անվտանգության ապահովման հսկիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մասնավորապես, նախատեսվում է ձեռքբերել սայլակների և ուղեբեռերի համար անվտանգության ռենտգեն զննման սարք, թաքստոցներում իրերի հայտնաբերման համար ձեռքի ռենտգենային ստուգման սարքեր։
Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղում գտնվող գույքը կնվիրաբերվի Վարդենիս համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։