Ինչպե՞ս առավել հանրամատչելի ներկայացնել ԵՄ ընդլայնման գործընթացը հայաստանյան մեդիա միջավայրում․ քննարկում Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպե՞ս է հնարավոր առավել արդյունավետ և հասանելի ներկայացնել Եվրոպական միությանն ու ԵՄ ընդլայնման գործընթացին վերաբերող թեմաները հայաստանյան մեդիա տիրույթում, ինչպե՞ս նպաստել Հայաստան – ԵՄ գործընկերության վերաբերյալ վստահելի բովանդակության ստեղծմանը, ի՞նչ խոսույթներ են շրջանառվում այդ համատեքստում և ԵՄ հաղորդակցության բարելավման ի՞նչ քայլեր կարելի է առաջ քաշել։
Այս հարցերն են քննարկվել Երևանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որը կազմակերպել էին Եվրոպական քաղաքականության EUROPEUM ինստիտուտը (Չեխիա) և Հանրային լրագրության ակումբը (Հայաստան)։
Միջոցառմանը միացել էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, որը կարևորել է ծրագրի իրականացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդգրկված բոլոր կողմերին։
«Այս քննարկումը մաս է մեր համատեղ ծրագրի, որի նպատակն էր փորձել հասկանալ, թե ինչպես է ԵՄ–Հայաստան գործընկերությունը ներկայացվում սոցիալական մեդիայում, ինչպիսի նարատիվներ են ձևավորվում, և ինչպիսի ռազմավարական մոտեցումներ կարող են օգնել մեզ ու ԵՄ-ին՝ ավելի արդյունավետ, արագ և վստահելի հաղորդակցություն կառուցելու հարցում»,- միջոցառման բացման խոսքում նշեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յակուբ Լևանդովսկին ընդգծեց, որ ժողովրդավարության, քաղհասարակության, մարդու իրավունքների և անկախ մեդիայի աջակցությունը բաց հասարակության հիմքն է և Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթությունը։ Նա կարևորել է նման ծրագրերի դերը հատկապես ապատեղեկատվության աճի պայմաններում՝ նշելով, որ եվրոպական գործընթացների բարդ էությունը հասարակությանը հասանելի և պարզ ներկայացնելը, ինչպես նաև լավագույն փորձի տարածումը, կարևոր նշանակություն ունեն մանիպուլացնող տեղեկատվության դեմ պայքարում։
EUROPEUM եվրոպական քաղաքականության ինստիտուտի «Գլոբալ Եվրոպա» ծրագրի ղեկավար Օսկար Ռոգիներ-Հոֆմայսթերը նշեց, որ ծրագրի նպատակն էր գնահատել ԵՄ-ի ընկալումը Հայաստանում և Հարավային Կովկասում, ինչպես նաև զարգացնել մեդիայի կարողությունները՝ քաղաքականությունների գնահատման և ռազմավարական հաղորդակցության ոլորտում՝ քննարկումների և փորձի փոխանակման միջոցով Պրահայում և Բրյուսելում քաղաքականություն մշակողների ու փորձագետների հետ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են նախագծի շրջանակում Բրյուսել և Պրահա այցելության արդյունքները, որին մասնակցել են հայաստանյան խմբագիրներն ու լրագրողները։
Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԵՄ կառույցներում հաղորդակցության և տեղեկատվության հանրայնացման արժեքավոր փորձին։ Այցի շրջանակում լրագրողների խումբը հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների և մեդիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին և այս համատեքստում տարածվող ապատեղեկատվական հոսքերին վերաբերող հարցեր։
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ ժամանակակից պետություններն ու կառավարությունները չեն կարող արդյունավետ գործել առանց ռազմավարական հաղորդակցության, որը պետք է իրականացվի բոլոր հնարավոր հարթակներով և լինի անկեղծ ու ամբողջական՝ կանխելու ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները։
ՍիվիլՆեթի ավագ խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանն ընդգծեց, որ այսօր գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ, որոնց դիմակայումը պահանջում է համատեղ ջանքեր։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնագծում են՝ մշտապես առնչվելով մեծածավալ տոքսիկ տեղեկատվության և փորձելով այդ պայքարը կազմակերպել նաև ինստիտուցիոնալ մակարդակում։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանը նշեց, որ ապատեղեկատվությունը հատկապես տարածվում է այնտեղ, որտեղ տեղեկատվությունը բացակայում է կամ անբավարար է։ Նրա խոսքով՝ դրան նպաստում են նաև որակյալ և պրոֆեսիոնալ բովանդակության պակասը, սխալ հարթակների ընտրությունը և լսարանի հետ աշխատանքի ոչ արդյունավետ ձևաչափերը։ Քննարկումն անցկացվեց «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին՝ Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» նախագծի շրջանակում, որն իրականացվել է EUROPEUM ինստիտուտի և ՀԼԱ-ի համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագրի աջակցությամբ։
EUROPEUM ինստիտուտը և ՀԼԱ-ն ներկայացրել են նաև նախագծի շրջանակում մշակված քաղաքականության առաջարկությունները, որոնք նպատակ ունեն բարելավել ԵՄ թեմատիկ հաղորդակցությունն ու բարձրացնել հանրային իրազեկությունը Հայաստանում։
Մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի մեդիա դաշտում ի հայտ եկող նոր միտումները, մարտահրավերներն ու լսարանին հասնելու արդյունավետ ռազմավարությունները՝ շեշտելով համագործակցության և ճշգրիտ տեղեկատվության հասանելիության կարևորությունը ԵՄ ինտեգրման գործընթացում։
«Ժամանակակից մեդիան ու քաղհասարակությունը պետք է այսօր կարողանան ավելի լավ հասկանալ տեղեկատվական լարվածությունների պատճառները, լսարանի արձագանքի առանձնահատկություններն ու մտածեն դրանց հետ աշխատելու նոր մոտեցումների ու գործիքակազմի մասին։ Այլևս միայն փաստերի ստուգմամբ մենք չենք կարող բուժել
տեղեկատվական այն տոքսիկ միջավայրը, որը ձևավորվել է տարբեր գործոնների արդյունքում։ Ի՞նչ անել, որպեսզի 2026 թ․ ընտրություններին ընդառաջ հայկական տեղեկատվական միջավայրը դառնա մի փոքր ավելի պաշտպանված, մի փոքր ավելի թափանցիկ և մի փոքր ավելի ազնիվ։ Եթե ուզում ենք որևէ արդյունքի հասնել, ապա պետք է համակարգված գործողություններ իրականացվեն թե քաղհասարակության, թե մեդիայի, թե պետության ու կրթական օղակների կողմից«,- նշեց ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը։