Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Երկրագնդի երեսից կջնջեի այն արարածներին, որոնք հրահրում են պատերազմներ. 80-ամյա նկարիչ

 80-ամյա նկարիչ Հայկ Բարսեղյանը վերջապես տեղափոխվել է նոր արվեստանոց՝  խոնավությունից փրկելով 200 աշխատանք։ Նրա հետ զրուցում ենք Հրազդանում գտնվող լուսավոր, բայց դեռ կիսադատարկ արվեստանոցում։ Այն տրամադրել է քաղաքային իշխանությունը։

«Արդեն նոր տեղ են տվել, մնում է այնտեղից գործերը բերեմ այստեղ, խոնավությունից փրկեմ։ Շուրջ 200 նկար դեռ կա, որ պետք է տեղափոխեմ։ Շատ շնորհակալ եմ, որ տարածք տրամադրեցին․ ջեռուցում կա, պայմանները լավ են։ Բայց նկարչին միայն տարածքը չի բավականացնում, նյութական աջակցությունն էլ է անհրաժեշտ։ Ջութակ չէ, որ մի հատ ունենաս ու վերջ։ Անընդհատ վրձին է պետք, անընդհատ ներկ, անընդհատ կտավ…»,-ասում է նա

Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի հիմնադիրը վաճառում է նկարները, որպեսզի կարողանա գնել  ներկ ու կտավ։


 – Եթե նյութ լինի, կարելի է նույնիսկ չուլանում նստել ու նկարել։ Նյութը, միջավայրը, նաև բնորդները շատ կարևոր են։ Մարդն է ամենավեհն ու կատարյալը․ ձգտում եմ դիմանկարներ անել։ Հիմա միջավայրն արդեն հարմար է, լուսավոր։ Բայց եթե կա մատերիա, ամեն տեղ էլ կնկարեմ, որտեղ հաց, այնտեղ կաց։ Մեր հացն էլ ներկն է։

– Նոր արվեստանոցը փոխե՞լ է Ձեր աշխատանքի ռիթմը։

 – Գիտե՞ս, ես այն տեղը միշտ կարոտում եմ։ Այնտեղ ինձ ավելի հոգեհարազատ էր։ Շատ ընկերներ էին գալիս, հավաքվում էինք, զրուցում։ Այստեղ մի քիչ արհեստական է թվում, իսկ այնտեղ խոհական մի բան կար։ Ծիծեռնակը, որ բույն է սարքում, միշտ առաջվա բույնն է հիշում։ Հիմա մտքիս կա՝ վաճառեմ հին տարածքը, բայց հենց գնորդ է հայտնվում, ինձ վատ եմ զգում, չեմ ուզում վաճառել։

-Ի՞նչ թեմաներ էիք քննարկում հանդիպումների ժամանակ։

- Ես սիրում ու կարոտում եմ իմ ընկերներին, մանավանդ, նրանց, որոնք չկան, դա շատ մեծ կորուստ է: Իմ նկարիչ ընկերների կիսատ թողած նկարները միշտ ձգտել եմ ավարտել, ցանկացել եմ իրենց չարածն անել ու նվիրել իրենց հոգիներին: Շատ թեմաներ ենք քննարկել, բայց միշտ վերադարձել ենք արվեստին, մտածել ենք՝ ինչ անենք, որ արդի ու այժմեական լինի: Չարենցն ասում էր՝ թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակի շո՛ւնչը դարձիր: Ժամանակը փոխվել է, պետք է կարողանալ նոր մտածելակերպով հանդես գալ:

- Ունե՞ք այդպիսի կտավներ:

- Ունեմ, շատ ունեմ: Տեսեք՝ իմ «Մայրություն» կտավը: Այնտեղ չեք նկատի աչք, ունք, եղունգ: Իսկ երեխան կարծես լավաշի նման ընկած լինի մոր գրկում, քանի որ նորածնի բուրմունքը նման է նոր թխած հացի բուրմունքին: Այդ տպավորությամբ նկարներ շատ կան: Տեսեք ծաղիկները, դիմացն էլ՝ կտավը: Ծաղիկները չորացել են, բայց կտավը մնում է, ու հենց այդտեղ է գեղանկարչության հրաշքը, որ կտավի վրա ծաղիկներն ապրում են:

- Ասացիք, որ հին արվեստանոցում «խոհական մի բան կար»։ Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր մուսան հենց այդ տարածքի հետ էր կապված։

- Մուսան հուզվելն է: Երբ հուզվում ես, ներսումդ ամեն ինչ ալեկոծվում է, ձևավորվում: Հետո մղվում ես դեպի գեղեցիկը: Ամեն մարդ չի կարող նկատել, որ դրսում մի գեղեցիկ բան անցավ, ծառ ծաղկեց, սիրահարներ անցան, կամ մի կին՝ հովանոցը ձեռքին: Այդ ամեն ինչը պետք է տեսնել: Մի քանի օր առաջ տեսա, որ երկու մայր երեխաների հետ անցնում են ծաղկած ծառի կողքով: Ու այդ տպավորությունն իմ մեջ մնաց՝ և՛ ծաղկած ծառը, և՛ մայրերը:

-  Ի՞նչն է նկարելիս Ձեզ հավելյալ ուժ են տալիս:

- Ցավոք, եթե մարդը կորուստ է ունենում, դա էլ է երևելի ազդում իր վրա: Օրինակ՝ ես, երբ մորս կորցրի, մոտ երեսուն հատ կտավ նկարեցի: Հիմա այդ նկարները գյուղում են, որտեղ մայրս է ապրել: Ամբողջ մի սենյակ մորս նկարներն են:

- Իսկ Ձեր ընտանիքում այլ նկարիչներ կա՞ն։

- Եղբայրս է նկարում, որ հիմա Մոսկվայում է, և քեռիս է նկարել: Մայրս, երբ առաջին անգամ ինձ տարավ քեռուս տուն, նա նկարում էր: Ներկերի հոտը շնչեցի, արագ գնացի ու թաթախվեցի դրանց մեջ: Քեռիս մի քանի ներկ տվեց, ասաց՝ տա՜ր, տար նկարի: Մինչև հիմա հիշում եմ:

- Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ձեր քեռին Ձեզ համար օրինակ է եղել:

- Հա: Ինքնուս նկարիչ էր, բայց ինձ համար մեծ օրինակ է եղել:

- Իսկ ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:

- Է՜հ, ցավոտ բաներ ես հարցնում: Ընտանի՞ք: Եթե փեթակը չլիներ, մեղուն մեղրը կդներ ծառերի վրա՝ որտեղ պատահեր: Ամեն մարդ պետք է իր օջախն ունենա: Եթե խոսքն իմ մասին է, ես շատ մեծ սխալներ եմ արել, որոնց մասին չեմ ուզում խոսել: Ամենակոպիտ սխալն է, որ մարդն ընտանիք չի կազմում, դա հանցագործություն է: Ընտանիքը սրբություն է, ընտանիքից է դառնում պետություն: Առանց ընտանիքի մարդը կիսատ է: Ես ինձ նվիրել եմ նկարներին, անընդհատ նկարում եմ, որ թեկուզ որոշ ժամանակ չզգամ, որ մենակ եմ: Բայց հենց նկարելն ավարտում եմ, զգում եմ, որ դատարկ եմ: 

- Բայց Դուք եք ցանկացել մենակ լինել, չէ՞:

- Երիտասարդ տարիքում մտածում էի, որ ընտանիքն ինձ կխանգարի, երեխան ինձ կխանգարի: Նաև կանացի խանդն ինձ շատ էր մտահոգում, վախենում էի: Հիմա շատ ուշ է, բայց հասկացել եմ, թե ինչ մեծ սխալ եմ գործել: Ես մեղավոր եմ: Կինն ինձ կօգներ, քանի որ կանայք հաճախ ավելի ճկուն են մտածում, իսկ տղամարդիկ ավելի շտապողական են: Կանայք ավելի դիմացկուն են, քան մենք: Մենք վախկոտ ենք: Կնոջ միտքը պետք է օգտագործել, որը ես չեմ արել:

- Անկատար երազանքներ ունե՞ք:

- Հա, ունեմ: Ես մի մեծ աշխատանք եմ ուզում նկարել՝ մեր հայկական հողից, արմատից մինչև տիեզերքը, իմ մանկությունից մինչև հիմա, իմ անցած ճանապարհը: Այդ ամբողջը մեկ կտավի մեջ եմ նկարելու: Ու իմ այդ աշխատանքը սիմֆոնիա եմ անվանելու: Արվեստագետի համար երազանքը միշտ ստեղծագործելն է։ Նկարիչը երջանիկ է, երբ նկարում է, աշխատում է, երբ իր աշխատանքը մարդկանց համար պիտանի է դառնում։ Ես կուզենայի իմ գործերով արժեքավորվել ու ճանաչելի դառնալ որպես նկարիչ։ Բայց երբ օրեր են լինում, որ չեմ նկարում, դա շատ դաժան է․ անկում եմ ապրում, երբ չեմ «ներկոտվում»։ Գարուն է, կարելի է ձնհալ նկարել… բայց ներկ ու կտավ չկա։

Լավ մանկություն չեմ ունեցել, ծնողազուրկ եմ եղել, նույնիսկ մանկապարտեզ չեմ գնացել: Հետո՝ թափառական կյանք, նույնիսկ ոտաբոբիկ եմ եղել, իսկ ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս՝ գնդակ էլ չենք ունեցել: Հետո՝ ուսանողություն, հետո էլ՝ սովետական բանակ: Նկարներս վաճառել եմ ֆինանսի համար: Հիմա էլ թոշակով ներկ եմ գնում: Ընդհանրապես մարդու կյանքը տառապանք է: Ենթադրենք՝ մարդն ապրում է հարյուր տարի, ուրեմն՝ իննսուն տարին տառապանք է: Բայց կյանքը նաև շատ գեղեցիկ է:

- Ասում եք՝ մարդու կյանքը մեծամասամբ տառապանք է։ Այդ տառապանքները փոխե՞լ են Ձեզ, թե՞ ներսում նույն երիտասարդ ուսանողն է մնացել։

- Ես մի ընկեր ունեմ, ասում է՝ դու միշտ երիտասարդի տրամադրություն ունես: Իսկ Սարյանն ասում էր՝ ես 92 տարեկան եմ, բայց նոր եմ սովորում նկարել: Ես տարբերություն չեմ զգում, միայն մարմնապես. մի քիչ հոգնել եմ: Այն ժամանակ ոտքով գնում էի հեռու ձորեր, որ նկարեի, իսկ հիմա մի քիչ հոգնում եմ: Բայց հիմա էլ եմ սիրում քայլել, չեմ ձգտում, որ ինձ մեքենայով տանեն: Մեքենայում կարծես վանդակի մեջ լինես, տարածությունը չես տեսնում: Ես երջանիկ եմ, որ քայլում եմ իմ մայր հողի վրա, քայլում ու շատ բան եմ տեսնում:

- Ասացիք՝ վաճառում եք նկարները, որ լուծեք կեցության խնդիրները:

-Ցավոտ հարցեր ես տալիս։ Այո, նկարներս եմ վաճառում: Սխալ է, բայց անում եմ։

Աշակերտս Ամերիկայում է, նկարում է ու նկարները վաճառում՝ շատ բարձր գներով: Ինձ ասում է՝ ընկե՛ր Բարսեղյան, եկեք այստեղ ստեղծագործեք, Ձեր արվեստանոցում նկար չի մնա: Բայց ես նույնիսկ այս քաղաքից չեմ կարող գնալ: Ես այլ երկրում մի շաբաթ էլ չեմ կարողանում մնալ: Այնտեղ երկինքն այնքան ցածր է:

– Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է կարևոր, որ համայնքը կանգնի արվեստագետի կողքին։

 – Իհարկե կարևոր է։ Տես՝ այսքան կազմակերպություններ ունենք՝ մանկապարտեզներ, ռեստորաններ, տարբեր ձեռնարկություններ։ Եթե ամեն կազմակերպություն մեկ նկար էլ գնի ինձանից, ես շատ շնորհակալ կլինեմ։ Բայց այսօր կտավներն իրենց արժեքը կորցրել են, ոչ ոք չի գնում։ Հաճախ շատ էժան եմ վաճառում։

- Ի՞նչ կփոխեիք աշխարհում, եթե հնարավորություն լիներ:

- Երկրագնդի երեսից կջնջեի այն արարածներին, որոնք հրահրում են պատերազմներ: Ես կուզեի, որ խաղաղություն լիներ, բոլոր արտերում ցորեն ցանեին, այն գումարը, որ զենքի համար է ծախսվում, մարդկանց համար լիներ, որ մարդիկ լավ ապրեին: Ես կուզեի այնպես փոխել աշխարհը, որ պատերազմ չլիներ, չլիներ բռնություն: Բուրաստան կլիներ:

- Իսկ Հայաստանո՞ւմ:

- Մեր դաշտերը խոպան են մնացել: Երկիրը ապականված, թունավորված վիճակում է: Այն ժամանակ դաշտերում ցորեն էին ցանում, բայց հիմա ամբողջը աղբ է: Ցորենը դրսից են բերում, իսկ մեր բերրի դաշտերը դատարկ են մնում: Շատ մեծ ցավ է: Այնքան սիրուն էին մեր երկիրն ու մեր արտերը, ինչպես Տերյանն էր ասում՝ մեր դաշտե՜րը հեռանիստ… Չկան հիմա:

Զրուցեց Սոֆի Մկրտչյանը