«ԱՐԱՐԱՏԸ» ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վավերացրել է մի որոշում, համաձայն որի բարձրագույն խմբում հանդես եկող «Լեռնագործ-Արարատ» թիմը վերանվանվում է «Արարատ»: Այս որոշման օգտին հարցման միջոցով կողմ են քվեարկել ՀՖՖ գործկոմի հարցված 14 անդամները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանի հետ:
- Առաջնության մեկնարկից առաջ «Լեռնագործ» ակումբից դիմում եղավ մեզ, որտեղ ասվում էր, որ իրենք ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ եւ կադրերի պակաս ի վիճակի չեն խաղալ բարձրագույն խմբում, - ասաց պարոն Պետրոսյանը,- այդ իսկ պատճառով նրանք հրավիրեցին «Արարատին» միասին համագործակցելով դուրս գալ բարձրագույն խումբ եւ առաջնությանը մենք մասնակցեցինք «Լեռնագործ» անվան տակ: Այդ ժամանակահատվածում ցավոք ճիշտ չմեկնաբանվեց այն իրավիճակը, որն իրականում գոյություն ուներ: «Լեռնագործ» ակումբը խնդիրներ ուներ հասարակական կազմակերպությունների շարքում գրանցվելու հարցում եւ մենք այդ խնդիրները լուծեցինք: Այդ ընթացքում ակումբի իրավաբանական հասցեն Կապանից տեղփոխվեց Երեւան: Առաջանության սկզբնական տուրերից հետո ըստ մեր նախնական պայմանավորվածության թիմը կրկին վերանվանվեց «Արարատ», սակայն կրկին պատկանում է «Լեռնագործ» հասարակական կազմակերպությանը: Որոշ իրավաբանական խնդիրներ կան, որոնք լուծելուց հետո «Արարատը» մեկընդմիշտ կվերադառնա բարձրագույն խումբ:
- Առաջնության վերջին հանդիպումը անցկացրեցիք Ոսկեհատում: Այսուհետ այնտե՞ղ եք հանդես գալու:
- Դժվարանում եմ ասել, թե որտեղ հանդես կգանք: Ամեն դեպքում ցանկանում ենք հանդիպումները անցկացնել Երեւանում, որպեսզի մարզասերները հնարավորթյուն ունենան հետեւել հանդիպումներին: Սակայն քանի որ «Հանրապետական» մարզադաշտը պատկանում է «Բանանցին» եւ «Փյունիկին», ոչ միշտ է հնարավոր լինում այնտեղ հանդես գալ: Բայց եթե հնարավոր լինի այնպայման կխաղանք Երեւանում:
- Մեզ հայտնի է, որ «Արարատ»-ին համալրում է սպասվում:
- Համալրում անշուշտ սպասվում է:Վրաստանից եւ Ռուսաստանից մեկական վրացի են եկել եւ մենք սպասում ենք նրանց տրանսֆերներին: Ունենք 2 նիգերիացի, որոնք արդեն հաջող փորձաշրջան են անցել եւ մենք նրանց ընդգրկելու ենք թիմ: Եւս 2 հոգու սպասում ենք Բրազիլիայից:
- Ընթացիկ առաջնությունում թիմի առջեւ հստակ խնդիր դրվա՞ծ է:
- Եթե ակումբը իր առջեւ հստակ խնդիր չունենա դրած, ապա չի կարող առաջ գնալ: Բայց եկեք խնդիրների ու ցանկությունների մասին չխոսենք եւ իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ միշտ չէ, որ ցանկությունները հնարավորությունների հետ համընկնում են:
- Եւ վերջում ինչ կասեք վերակառուցվող Ձորաղբյուրի մարզաբազայի մասին, որը պատկանում է «Արարատ» ակումբին:
- Ձորաղբյուրում ընթացող աշխատանքները մի փոքր դանդաղել են տեխնիկական պատճառներով, որը կապված է նախագծողների եւ ճարտարապետների հետ: Բայց կարծում եմ այդ հարցը շուտով կլուծվի: Հուսով եմ մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ձորաղբյուրի բոլոր աշխատանքները կավարտվեն եւ մենք կներկայանանք նոր մարզադաշտով եւ մարզաբազայով: