Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ օպերատի՞վ էր

Հասարակություն
2cfa3b0f14de2516fb8c0251eeb6d9e6

Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ միասին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման և գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ և փափուկ, նաև՝ խոհանոցային գույքով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել ծրագրերի իրականացման մասով և շարունակել վերահսկողությունը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով և գրենական անհրաժեշտ պիտույքներով:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման նոր ցանցերի կառուցման 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:

Հանձնարարվել է նաև գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները և դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու և տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։