Օմբուդսմենը շնորհակալություն հայտնեց (տեսանյութ)
Այսօր՝ երեխաների պաշտպանության օրվա նախօրեին, ՍՈՍ մանկական գյուղում բնակվող 64 երեխաներին այցելեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Երեխաները օմբուդսմենին ցույց տվեցին այն 11 տնակները, որտեղ ապրում են եւ ներկայացրեցին իրենց առօրյան:
1990-ից գործող ՍՈՍ մանկական գյուղում ապրում են 2-ից մինչեւ 15 տարեկան երեխաներ:
«Երեխաներ կան, որոնք ծնողազուրկ են, բայց կան նաեւ այնպիսիները, որոնց ծնողները սոցիալական կամ առողջական խնդիրներից ելնելով հանձնել են մեզ: Երեխաներ կան, որ քույր ու եղբայր են եւ միասին են եկել մեզ մոտ»,-ասում է «ՍՈՍ մանկական գյուղի» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Քոչարյանը:
Այցելության ընթացքում օմբուդսմենը շնորհակալություն հայտնեց «ՍՈՍ մանկական գյուղի» աշխատակիցներին, որ նրանք «երեխաների իրավունքները պաշտպանում են ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե»:
«Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսում է ծնողազուրկ երեխաներից, ծնողական խնամքին կարոտ երեխաներից: Եւ բոլորս, նախևառաջ պետք է մտածենք այդ երեխաների մասին, հետո մյուս բոլոր եւ մեր երեխաների մասին»,-ասաց Կարեն Անդրեասյանը։
Այսօր նաեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջև:
Այս կերպ պաշտոնական բնույթ ստացավ համագործակցությունը երկու կառույցների միջեւ։