Երիտասարդ գիտնականներին ֆինանսավորում են
Գիտնականներն այսօր շատ ավելի լավ պայմաններում են գործունեություն ծավալում, քան մի քանի տարի առաջ: Այսպես է կարծում ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը: Խորհրդի նախագահը նման կարծիք է հայտնում` երիտասարդ գիտնականների ներկայիս վիճակը համեմատելով 5-7 տարի առաջվա հետ, թեև չի բացառում, որ այսօր գիտնականները մի շարք խնդիրներ ունեն:
«Առհասարակ բոլոր գիտնականները երկու հիմնական խնդիր ունեն` սոցիալական և նորմալ աշխատանքային պայմանների, որի մեջ մտնում են ենթակառուցվածքները և ժամանակակից սարքավորումները: Այս խնդիրները լուծելու համար ժամանակ և ցանկություն է պետք»,- ասաց Գևորգ Վարդանյանը:
ՀՀ-ում գիտության զարգացմանը նպաստելու համար արդեն մեկ տարի է` իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջացություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Ծրագիրն ունի չորս ուղղություն: Դրանք են` երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովներին մասնակցելու ֆինանսավորում, երիտասարդական գիտաժողովների, գիտական դպրոցների, սիմպոզիումների և այլ միջոցառումներին ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում:
«Այս մեկ տարվա ընթացքում գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 56 հայտ, որի ֆինանսական ծավալը կազմում է 18 մլն 590 հազար դրամ: Գիտաժողովների և այլ միջոցառումների ֆինանսական ծավալը եղել է 24 մլն 480 հազար դրամ»,- այսօր, ամփոփելով ծրագրի մեկամյա գործունեությունը, այսպիսի տվյալներ հայտնեց Գևորգ Վարդանյանը:
Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն ասում է` ծրագիրն արդեն իր արդյունքներն ունի: Օրինակ` վերջերս ԳԱԱ երկու երիտասարդ գիտնականների կողմից հայտ է ներկայացվել Ղազախստան և ընդհանուր 400 հայտերից հայ գիտնականների հայտը հայտնվել է լավագույն տասնյակում և այն շուտով պետք է ֆինանսավորվի: «Ֆինանսավորումը կլինի 200 հազար ԱՄՆ դոլորի չափով, որն ամբողջությամբ տրամադրելու է ղազախական կողմը, իսկ ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանում»,- ասաց Գեւորգ Վարդանյանը: