«Մարդասպանը չի կարող անմեղսունակ ճանաչվել»
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մարտի 3-ին սպանված Քյարամ Ավդոյանի հարազատներն ու բարեկամները, ովքեր պահաջում էին վերանայել դատարանի որոշումը, որով Քյարամ Ավդոյանին սպանող Վլադիմիր Սիաբանդովը ճանաչվել է անմեղսունակ:
Հանցագործը այժմ գտնվում է հոգեբուժարանում։ «Ա1+»-ի հետ զրույցում Քյարամ Ավդոյանիի քույրը՝ Զոյա Ավդոյանը, համոզված է, որ իր եղբորը սպանողը չէր կարող լինել անմեղսունակ, քանի որ նրան մանկուց են ճանաչել, նա հոգեկան խնդիրներ չի ունեցել։
Թե որն է եղել սպանության պատճառը, սպանվածի հարազատները մինչև այսօր չեն հասկանում, իսկ հանցագործն էլ, ըստ իրենց, ցուցմունքի ժամանակ միայն ասել է, որ լավ է արել՝ սպանել է։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սիաբանդովը Քյարամ Ավդոյանի քենու որդին էր և հարազատներից մի քանիսը կասկածում են, որ նա մեղադրում էր Քյարամին իր մորաքրոջ հիվանդության առաջացման մեջ։ Մորաքույրը գլխի ուռուցք ուներ։