Դեսպանատան մոտ բունտի մասին բարձրաձայնեցին (տեսանյութ)
Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ-ում ՌԴ դեսպանության առջեւ՝ պահանջելով չթանկացնել գազի սակագինը։
«Գազի թանկացման դեմ» նախաձեռնությունը նամակ էր պատրաստել՝ ուղղված ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Նրանք նամակում նշում են, որ գազի գնի թանկացումը առաջ կբերի բնակչության կոմունալ մյուս ծախսերի աճի եւ ընդհանրապես գնաճի։
Գազի այդ թանկացման արդյունքում «Գազպրոմը» ցանկանում է Հայաստանում հավելյալ ստանալ տարեկան 150 մլն դոլար եկամուտ։ Թեեւ այդ հարցականի տակ է, եւ ոչ միայն պատճառով, որ գազի թանկացման արդյունքում կնվազի պահանջարկը, այլեւ ... համբերությունն էլ սահման ունի։
Ակցիայի մասնակիցները, ինչպես եւ նշված է նամակում, չեն բացառում սոցիալական բունտի, հեղափոխության հնարավորությունը։
Իսկ սոցիալական խնդրի կարգավորումը այս փուլում հեշտ կլինի, եթե ռուսական կողմը չթանկացնի գազի սակագինը։
Ակցիայի մասնակիցներին դեսպանությունից որեւէ մեկը չմոտեցավ։ Նրանք նամակը գցեցին փոստարկղը եւ հեռացան։
Ի դեպ, ակցիայի սկզբում միջադեպ արձանագրվեց մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, երբ վերջիններս պահանջում էին դուրս գգալ դեսպանատան մուտք տանող ճանապարհից եւ կանգնել հարակից մայթին։ Կարճ վիճաբանությունից հետո ակցիայի մասնակիցները ենթարկվեցին պահանջին։