«Դատական համակարգը ավելի կոռումպացված է դարձել»
Արտասահմանյան եւ տեղական փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը ամսեկան կազմում է 50-60 միլիոն դոլար. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Դա այն կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կապվում են վերին մարմինների հետ»,-ասում է Կարապետյանը:
«Կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները նշում են, որ Հայաստանում չկա մի ոլորտ, որը կոռումպացված չլինի, եւ դրանց ծավալները գնալով աճում են:
«Կոռուպցիոն համակարգը խորանում է, որովհետեւ Հայաստանում քաղաքական համակարգը հիմնված է հենց այդ երեւույթի խորացման վրա: Երբ որ համակարգը չունի քաղաքական որոշումներ կայացնելու հիմք, ամբողջ բուրգը կառուցված է ընդհանուր շահը վերադասելու սկզբունքի վրա, այստեղ էլ ծագում են նման շատ երեւույթներ»,-ասում է Կարապետյանը:
Ըստ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանի` ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերը գնալով շատանում են հատկապես դատական, փաստաբանական եւ իրավապահ մարմինների հետ գործընթացներում:
«Դատական համակարգը ավելի լայն ծավալներով կոռումպացված է դարձել, քան 4-5 տարի առաջ էր»,-ասում է Ամարյանը եւ բերում մի քանի օրինակ` ուսումնասիրված իր կազմակերպության կողմից: