«Իմ երեխան կախվե՞լ է, թե՞ սպանվել» (տեսանյութ)
«Հայկ Մովսիսյանին սպանել են եւ դրա պատասխանատուն հանդիսանում է ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա խոսքերով՝ մեղադրյալը մահացել է բանտում, սակայն ոչ ոքի չի հետաքրքրում, թե նա ինչից է մահացել։
Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նա կես ժամով, իրավապաշտպանի խոսքերով, լքել էր զորամասը, իսկ զորամաս վերադառնալուց հետո, ինքնավնասում կատարել։
Դատավճռից 8 օր հետո ԼՂՀ «Շուշի» ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած:
«Նոյեմբերի 21-ին, երբ բերդում տեսա, ասաց, մամ ինձ ստեղից հանի, տար եւ նույնիսկ չթողեցին կարգին խոսենք, անմարդկային ձեւով բերեցին, տարան եւ դրանից օրեր հետո ասում են, որ ձեր երեխան կախվել է»,- հիշում է Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը։
Սակայն վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին: Նա առողջության հետ կապված խնդիրներ էր ունեցել եւ բանակ զորակոչվելուց մեկ ու կես ամիս հետո նրան ուղարկել էին երկարատեւ արձակուրդի եւ տրամադրել զինվորական գրքույկ։
Վճռի հրապարակումից անցել է արդեն 6 ամիս, սակայն Հայկի ոչ հայրը եւ ոչ էլ մայրը չեն ճանաչվել տուժողի իրավահաջորդ։
Նրանք պահանջում են անհապաղ Հայկ Մովսիսյանի մորը ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի հնարավորություն ունենա գործի վերաբերյալ հարցեր տա եւ հասկանա, թե ինչ է կատարվել իրականում։
«Կոնկերտ բան ասեն, իմ երեխան կախվել է, թե սպանվել, սակայն ես համոզված եմ, որ նրան սպանել են»,-եզրափակեց որդեկորույս մայրը։