Ուսումնարանի տնօրենը կեղծիք է գործել
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` արհեստագործական ուսումնարանի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ուսումնարանի տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2012թ. սեպտեմբերից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում կեղծել է կրթաթոշակների` պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակները:
Մասնավորապես` ըստ նյութերի` դասերին չհաճախող թվով 15 ուսանողների անվամբ հաշվարկվել և ելքագրվել են նրանց հասանելիք կրթաթոշակները` դրանք յուրացման եղանակով հափշտակվելով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով:Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։