Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե նույնիսկ ինքնասպան է եղել, դրդել է ամուսինը» (տեսանյութ)

Հասարակություն
c76b1cdb94ebc63d1feceec06fa97a31

Գլխավոր դատախազության դիմաց հավաքված կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ համոզված են, որ Մարո Գուլոյանը ինքնասպան չի եղել։ Իրենց հայտարարությունը նրանք պատրաստ են հիմնավորել ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը մահացել էր 2012թ.-ի հուլիսի 12-ին Առինջ գյուղում`ամուսնու տանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մարոն ինքնասպան էր եղել լոգարանում կախվելումիջոցով:

«Մենք հավաքվել ենք ասենք, որ ինչ- որ մութ բան կա այս պատմության մեջ, մինչդեռ իրավապահ մարմինները ամեն ինչ կոծկում են։ Ասել են, որ հանցակազմ չկա, ինքնասպանություն է գործել», -ասաց «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի անդամ Աննա Նիկողոսյանը:

 Եթե նույնիսկ Մարոն ինքնասպան է եղել, ապա նրա հարազատները կասկած չունեն, որ աղջկան նման քայլի է դրդել կամ ստիպել ամուսինը՝ Գեւորգ Գուլոյանը; Իրենց պահանջը այսօր դատախազության մոտ հավաքվածները ներկայացրեցին գրավոր տեսքով։

«Մենք նամակը գցեցինք արկղ եւ այնտեղ մանրամասն նկարագրել ենք այն հակասություններ, որոնց մասին բազմիցս ասել ենք, բայց ուշադրություն չկա,Արմինե Գրիգորյանի ցուցմունքները չեն համընկնում, մի տեղ ասում ա ես եմ գտել, մի տեղ ասում ա աղջիկս ա գտել»,- ավելացրեց Մարո Գուլոյանի իրավահաջորդի՝ նրա հոր՝ Ռոմելս Թովմասյանի շահերը ներկայացնող Լուսինե Մինասյանը։ 

Այսօր դատախազության մոտ հավաքվածների շարքում էր նաեւ ընտանեկան բռնության եւս մեկ զոհ՝ Մարիամ Գեւորգյանը։ Նրան պարբերաբար ծեծել են սկեսուրն ու ամուսինը։ Սա վերջին ժամանակների ամենաաղմկահարույց դեպքն էր: Գործին արձագանքեցին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան եւ արտասահմանյան կազմակերպություններ։ Ընտանեկան բռնության ենթարկված աղջկա բողոքը հասավ դատարան եւ շահեց դատը։ Այսօր Մարիամ Գեւորգյանը դատախազության դիմաց էր՝ ի պաշտպանություն բռնության ենթարկվող բոլոր կանանց։ 

Մարո Գուլոյանի մահվան գործի կարճումը կասեցնելուց հետո, նրա հարազատները պատրաստվում են ամուսնու մոտից վերցնել 3 ամյա դստերը: Նրանք չեն կարող երեխայի խնամքը վստահել հորը եւ նրա հարազատներին։