Գյուղացին վատ կանխատեսում է անում
Արարատի մարզի Խաչպար գյուղի բնակիչ Ռուդիկ Սառաջյանի սրտից, իր ձեւակերպմամբ, արյուն է կաթում: 67- ամյա այգեգործը մտահոգված է Արարատյան դաշտավայրում գրանցված սաստիկ ցրտերից: Նա վախենում է, որ կցրտահարվեն իր այգու ծիրանենիները. «Ընենց ցուրտ ա անում, որ էս ցրտից ծառերն էլ ցուրտը կտանի», - ասում է Ռուդիկ Սառաջյանը: Գյուղացին, սակայն, առայժմ դժվարանում է պատասխանել, թե արդյոք ցրտահարվե՞լ են պտղատու ծառերը: Ասում է՝ ցրտահարության հետևանքները գարնանն են երևալու. «Հիմա չի երևում՝ ցուրտը տարած է, թե ոչ, երբ ծառերի ծաղկման շրջանը գա, այն ժամանակ բողբոջներից կերևա», - նշում է խաչպարցի այգեգործը: Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ ծառերը դիմանում են մինչեւ -25 աստիճան ցրտի։ Այգեգործը հիշում է, որ մի քանի տարի առաջ, երբ նմանատիպ ցրտեր էին գրանցվել, իր 7 ծիրանենիները վնասվել էին. «Էս ցրտի դեմը ո՞նց առնենք, ծառերը ցրտից հնարավոր չի պաշտպանել», - ավելացնում է գյուղացին: Հարևան Ազատաշեն գյուղի բնակիչ Հակոբ Կիրակոսյանը նույնպես կարծում է, որ ցրտերից կտուժի նաև իր եկամտի միակ աղբյուրը: Նա իր տնամերձ հողամասում խաղողի մշակությամբ է զբաղվում: Հողի մշակը ժամանակին այգեթաղ կատարել է, բայց հիմա մտավախությունը մեծ է. «Մեզ ա ցուրտը տանում, ուր մնաց, թե թաղած խաղողն ու ծառերը, ամռանը առանց բերք ու բարիքի ենք մնալու», - հոռետեսորեն կանխատեսում է ազատաշենցին: