Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտի հանքը կշահագործվի այս տարի

Տնտեսություն
3f33b2b7ffa8670f6085fbf5baf5dd0e

Թեղուտի հանքը կշահագործվի այս տարվա երկրորդ կեսին։ «Ա1+»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց «Թեղուտ» ընկերության մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը.«Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանումը, հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակումը եւ պղինձ ու մոլիբդենի խտանյութերի արտադրությունը նախատեսվում է սկսել 2014թ. կեսերին»։ Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ «Թեղուտ» ընկերությունն ունի 1287 աշխատող, այդ թվում՝ 161-ը՝ հարակից Թեղուտ գյուղից, 235 աշխատող՝ հարակից Շնող գյուղից, 438 մարդ՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից: Ընկերությունը ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընդամենը 11 աշխատող ունի, որոնցից 7-ը՝ ազգությամբ հայ: Թեղուտում այս պահին կառուցվում է պոչհանքային տնտեսության առաջին պատվարը, պոչատար խողովակաշարը եւ պարզեցված ջրի ավազանը։ Շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքի անվտանգության ապահովման տեսանկյուններից իրականացվում են նաեւ լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքներ։ Իրականացվում են շինարարական ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ, ինչպես նաեւ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի իրականացումը: Դրա շրջանակներում ծառատունկ և հետագա խնամքի աշխատանքներ են կատարվում հատվող մակերեսի կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում: