Դ!ԵՄ ԵՄ-ին են միացել Մետրոյի աշխատակիցները (տեսանյութ)
Այսօր առավոտից Դ!ԵՄ ԵՄ-ին են միացել նաեւ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի աշխատակիցները։ Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ (Մետրո Բարեկամություն) հավաքվել է մոտ 30 հոգի, որպեսզի բողոք-դիմում հանձնեն տնօրինությանը և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ Աշխատակիցները դիմում են գրել ստորագրություններով և պահանջում են Մետրոպոլիտենի տնօրինությունից հետ վերադարձնել իրենցից հունվար ամսին կուտակայինի համար պահված գումարները։ Երեւանի Մետրոպոլիտենն ունի մոտ 1500 աշխատակից, սակայն հավաքվածները նշում են, որ մեծ մասը տարեցներ են, այդ է պատճառը, որ այսօր նրանք փոքրաթիվ են։ Աշխատակիցները շեշտում են, որ տնօրինությունը նախապես չի զգուշացրել, որ պահումներ են արվելու, եւ որ իրենցից ոչ ոք կուտակային որեւէ ֆոնդ չի ընտրել։