«Սումգայիթի հարցով հանգիստ կարելի է դիմել Եվրադատարան» (տեսանյութ)
Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит…Геноцид…Гласность» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանին մինչև այսօր անհայտ է մնում, թե ինչու մեր իշխանությունները չեն զբաղվում Սումգայիթի հարցով. «Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն Սումգայիթի հարցով, դիմեն Եվրադատարան: Ցեղասպանության մասին համապատասխան կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերից մեկը պետք է դիմի Եվրադատարան, բայց մեր իշխանությունները, ցավոք սրտի, լռում են: 1988 թվականի հունիսի 15-ին դատապարտող մի ողորմելի որոշմամբ ընդամենը դատապարտեցին»: Պարոն Ուլուբաբյանը ցավով է նկատում, որ տեղեկատվական դաշտում էլ մենք կաղում ենք, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրված փաստերով ողողել համացանցը. «Անձամբ ես բազմաթիվ հրապարակումներով եմ հանդես եկել, որտեղ ապացուցել եմ, որ զոհվել է առնվազն 100 հոգի, բայց անգամ մեր դասագրքերում շարունակում են պաշտոնական ընդունված 25-26 զոհերի մասին խոսել: էլ չեմ ասում համացանցի մասին, որտեղ այնպիսի տպավորություն է ստեղծված, որ հայերն են ջարդեր կազմակերպել»,-վրդովված նշում է նա: Միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում կազմակերպված ջարդերի վրա սևեռելու միակ միջոցը, ըստ Հրայր Ուլուբաբյանի, իշխանությունների ձեռքում է. «Մեր Ազգային ժողովում ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը և դիմել Եվրադատարան՝ սա է ճանապարհը: Եթե մեր միջազգային իրավագետը ասում է չուենենք համապատասխան տվյալներ, դա անտեղյակության արդյունք է: Ես բազմաթիվ փաստեր ունեմ դատավճիռներից, դատախազությունից, ներքին գործերի նախարարությունից, որոնց հիման վրա կարելի է հանգիստ դիմել Եվրադատարան, ընդամենը ցանկություն է պետք»,- եզրափակեց նա: