ՀԴԿ-ն՝ կուտակայինի մասին
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը ՀՀ իշխանությունները շարունակում են իրականացնել արտագաղթը խրախուսող քաղաքականություն, որի տարրերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է` հակառակ հասարակության կամքի: Այն համառությունը և խուլ անտարբերությունը հանրային կարծիքի հանդեպ, որ դրսևորում է կառավարությունը, կարծիք է ձևավորում, որ իրականացվում է միտումնավոր և թելադրվող քաղաքականություն: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ից ստացված այս համակարգի ներդրումն ապահովող 128մլն. դոլար տրանշի և նրա առանձնահատկությունները մեզ “լուսավորելու” համար 145 հազար դոլարի մասին է: Իշխանությունները, անկասկած, գիտակցում են, որ այս “բարեփոխումը” մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլև լրջորեն հարվածում է մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները: Չնայած հնչող բացատրություններին և հավաստիացումներին, ակնհայտ է, որ կառավարության որևէ փաստարկ չի դիմանում քննադատության: Բանը հասել է նրան, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները խճճվել են իրենց իսկ “բացահայտումներում”: Մեկ ասում են` կառավարությունը չի տնօրինելու կուտակված գումարները, մեկ` “երկար փողերը” ներդրվելու են տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, մեկ էլ, թե` երիտասարդ աշխատողներից “առգրավված” փողերը օգնելու են թոշակներն այսօր բարձրացնելու գործընթացին: Հիմա ո՞րն է ճշմարտությունը, պարոնա՛յք: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է` • անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող «բարեփոխումը», • իշխանությունների քաղաքականությունը ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բևեռվածությունը և տիրող անվստահության մթնոլորտը, • անընդունելի և անօրինական է համարում պետական հիմնարկներում և կառույցներում իրականացվող ակնհայտ ճնշումները աշխատակիցների վրա` մինչև ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ, • անթույլատրելի է համարում նաև ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումները, • պահանջում է իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը և ՍԴ որոշումը, • հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը և վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի, • իր անդամների, համակիրների և իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից աջակցում է <<Դեմ եմ>> նախաձեռնող խմբի հետևողական և համախմբված պայքարին, • կոչ է անում Սահմանադրական դատարանին անտեսել առկա ճնշումները և իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն և կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքը հանուն քաղաքացու է և ոչ երբեք նրա դեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ Երևան, 26.03.2014թ.