Ինչ երաժշտություն էր հնչում հայոց արքունիքում. Կոմիտաս՝ պեղված նվագարաններով (տեսանյութ)
Ամենամաքուրն, ըստ Կոմիտասի, գեղջկական երաժշտությունն է, որն էլ նա հավաքագրեց, մշակեց և թողեց սերունդներին: Հոգևոր մեր հրաշք տաղերն ու շարականներն էլ փոխանցվեցին դարեդար: Իսկ թե ինչ երաժշտություն էր հնչում հայոց արքունիքում, պատմությունը լռում է: Լռում է նաև հայկական լարային նվագարանների` վիոլաների մասին, չնայած որոշակի փաստեր կան: Օրինակ, Դվինում պեղված 10-րդ դարի ափսեի վրա ծալապատիկ նստած ջութակ հիշեցնող գործիքը բռնած երաժշտի պատկերը: Կամ էլ Նարեկացու մոտ հանդիպող ջութակ բառը: Ուստի մենք պետք է փորձենք վերստեղծել մեր պատմությունը ասում է կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը: Իրականացավ Գրիգոր Առաքելյանի տարիների երազանքը: Վինահար Մարտին Երիցյանի հետ համատեղ նրանք ստեղծեցին գործիքներ, որոնց հնչողությունը հանդիսատեսը կվայելի հոկտեմբերի 17-ի «Կոմիտաս. Վերապրում» համերգին: Ցանկացած երաժշտի երազանքն է տարբեր բեմեր, հեղինակավոր բեմեր բարձրանալն ու իր ասելիքը փոխանցելը: «Les Violons d'Armenie» լարային հնգյակն էլ բացառություն չէ: Սակայն դեռևս նրանք ճանապարհ ունեն անցնելու և իրենց ասելիքը փոխանցելու հայրենի բեմերում: Վահան Արծրունուն արվեստի,մանավանդ երաժշտության մեջ միշտ էլ հետաքրքիր է այն, ինչ իրական է, աուտենտիկ, ինքնաբավ, և լայն իմաստով ուրույն: Այդ իսկ պատճառով նրա համար գերագույն հաճույք ու վայելք է աշխատել նման երաժիշտների հետ: Ցավոք մեր իրականությունը դեմ է աշխատում ստեղծագործողին, և ասես ամեն ինչ անում, որ երաժիշտը հետ կանգնի իր ճանապարհից` ասում է Արծրունին: Մանրամասներ՝ տեսանյութում