Չի բացառվում, որ կրկին կփակվի Բաղրամյանը, Մաշտոցի պողոտան (տեսանյութ)
Եթե Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը չկատարեն «Ոչ թալանին» նախաձեռնության երեք պահանջները, ապա նպատակահարմար չեն համարի նրանց կառավարումը երկրում,- այսօր հայտարարեցին նախաձեռնության անդամները: Ճշտող հարցը, թե դա արդյո՞ք նշանակում է հրաժարականների պահանջ, նրանք ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին. «Մենք ուղղակի նպատակահարմար չենք համարի նրանց կառավարումը»: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կրկին հիշեցրեցին իրենց երեք պահանջները՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին ՀԾԿՀ որոշման չեղարկում, ներկայիս սակագնի վերանայում՝ ի օգուտ նվազեցման եւ քրեական գործի հարուցում բոլոր այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնություն են գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Մյուս բոլոր պահանջները, որոնք իրենց անունից հաճախ հայտնվում են մամուլում, կեղծ են։ Հենց վերջին պահանջի կատարման համար էլ հուլիսի 14-ին նախաձեռնության անդամները երթ կանեն դեպի գլխավոր դատախազություն. «Շատ լավ է, որ լրագրողների հանդեպ բռնություն գործադրող ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց կարծում եմ՝ բոլորը պետք է պատժվեն: Բոլոր բերման ենթարկածներին նրանք բռնության են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ են ասել, ու ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այնտեղ կանգնած չի կանխել դա»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Խոսելով իրենց պառակտման մասին շրջանառվող լուրերից՝ նախաձեռնության անդամները վստահեցրեցին, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Բոլորս միասին ենք, կան նաեւ կուսակցականներ եւ ոչ կուսակցականներ, պետք չէ տարանջատել, մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք: Պարզապես մարդիկ կան, որ ժամանակի խնդիր ունեն ու չեն կարողանում այլեւս մեր կողքին լինել»,- ասաց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը: Ինչ վերաբերում է սպասվող աուդիտին, ապա նախաձեռնության անդամները դեռ չեն որոշել՝ կմասնակցե՞ն դրան, թե ոչ: «Ֆինանսական աուդիտ ամեն տարի արվում է, բայց ամեն տարի սակագինը թանկանում է, այսինքն՝ եթե տեխնիկական աուդիտ չանեն, անիմաստ է լինելու, ոչ մի թալան չեն բացահայտի: Աուդիտի տեսակը պարզելուց հետո կհասկանանք՝ մտնե՞լ այդ խմբի մեջ, թե ոչ: Իսկ այս պահին նրանք լռում են, ոչ մի ժամկետ չեն ասում, թողնում են վերջին օրվան, որ մանիպուլյացիոն կերպով անցկացնեն»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ հավելով, որ այս ընթացքում, առաջարկ միայն լսվել է Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, ինչից հետո ոչ մի պաշտոնական հայտարարություն աուդիտի մասին չկա: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նրանք շուտ չհեռացան Բաղրամյան պողոտայից, քանի որ դեռ չեն ստացել վերջնական պատասխան ո՛չ աուդիտի մասին, ո՛չ էլ իրենց պահանջների մասով, նախաձեռնության անդամները նշեցին. «Եղել է այն, ինչ եղել է, երբ մենք փողոցից դուրս եկանք ու գնացինք Ազատության հրապարակ, կարծում եմ ՝մենք չենք լքել փողոցը, թյուր կարծիք է>,- ասաց Մաքսիմ Սարգսյանը, ու հավելեց, որ չի բացառվում, որ կրկին կփակվի Բաղրամյանը, Մաշտոցի պողոտան, եթե իշխանությունները լռության մատնեն իրենց պահանջները: