Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք կվերացվի՞ դեղերի ներկրման ներքին մոնոպոլիան

Հասարակություն
051f3b1b2d032e76e3703cdcbb11858d

ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյոք սա կվերացնի դեղերի  ներկրման ներքին մոնոպոլիան, թե ովքեր իրավունք ունեն ներկրելու ու սպառելու: Նախարարի տեղակալը նշեց, որ այս փաթեթի ընդունումը մոնոպոլիայի դեմ պայքարելու ձեւերից մեկն է. «Ամբողջ աշխարհում ընդունված է դեղերի ներկրման մոնոպոլիան, քանի որ ներկրողը պատասխանատվություն է  կրում դեղի որակի ու անվտանգության համար»: ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք օրենսդրական այս փոփոխությունները համապատասխանում են ԵՏՄ ստանդարտներին: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս պահին ԵՏՄ շրջանակներում միասնական գրանցված դեղեր, կանոնակարգեր ու շուկա գոյություն չունի. «Հիմա գործընթացը նույնն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՏՄ պարագայում»: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր կողմից ավելացրեց՝ քանի դեռ ԵՏՄ հիմնական մոտեցումները մշակման փուլում են, ու դա կարող է տասնյակ տարիներ տեւել ու փոփոխվել, դեռ դժվար է ասել, թե որ երկրի մոտեցումն է ավելի խելացի ու լավը. «Դրա համար մենք մշակում ենք այն, ինչ միջազգային նորմերով ճիշտ է, այնուհետեւ մեր ներկայացուցիչը գնում է ԵՏՄ ու հիմնավորում է: Եթե նրանք ավելի խելացի բան ասեն, մենք կընդունենք, սակայն մենք հիմա աշխատում ենք մեր բնակչության անվտանգությունն ապահովելու համար»: Սերգեյ Խաչատրյանի վստահեցմամբ՝ մենք հիմա ավելի շահեկան վիճակում ենք հայտնվում այս օրենքի ընդունմամբ. «Մեզ մոտ դեղերի կլինիկական փորձաքննությունն ավելի մատչելի է, քան ԵՏՄ ցանկացած երկրում»: Արա Բաբլոյանը նաեւ ավելացրեց, որ, օրինակ, երկու հարյուր մլն-ոց բնակչություն ունեցող երկրի համար կարեւոր է ոչ թե ճիշտ հաշվարկը, այլ թե ինչ շահ ունի, իսկ ՀՀ-ում շահույթ շատ չեն հետապնդում, այլ ամեն ինչ անում են՝ ելնելով բնակչության շահերից: