Ինչո՞ւ Վրաստանում դեղերն ավելի էժան են
ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա քննարկմանը մասնակից «Դեղգործակալության» տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ մեր երկրի նպատակն է՝ պահպանել ազգային գրանցումը, քանի որ այն ներդաշնակ է միջազգային ստանդարտներին. «ԱՊՀ նորմերը ունեն որոշակի փոփոխություններ՝ ըստ յուրաքանչյուր երկրի ներկայացրած պահանջի: Դա բերում է դեղի գրանցման գնի բարձրացման: Մենք այս օրենսդրական փաթեթը պետք է ընդունենք մինչեւ 2016թ. հունվարի 1-ը, դա ԵՏՄ պահանջն է, այլապես մենք չենք կարողանալու մասնակցել նրա աշխատանքներին հետագայում»: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ սա երեք ընթերցում պետք է անցնի ու ժամանակին հասցնելը իրենցից կախված չէ. դա պետք է ներկայացվի նաեւ կառավարության հաստատմանը: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմամբ՝ կարծես թե այս օրենսդրական փաթեթի ընդունումը շահեկան է ՀՀ համար. «Սակայն ես չեմ կարծում, որ ՌԴ-ն ու մյուս երկրները հենց այնպես են նման թանկ սակագներ սահմանում դեղերի գրանցման համար. հակառակ դեպքում դեղերի անվտանգության խնդիր կարող է առաջանալ: Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք գրանցման համար մեզ մոտ նախատեսված պարզեցված կարգը վտանգ առաջացնել եւ ՀՀ կսողոսկեն նաեւ այլ դեղեր: «Այդ հարցն արդեն կարգավորված է. եթե ԵՏՄ-ից դեղեր են ներմուծվում, պետք է տաս օրվա ընթացքում դիմեն ԱՆ՝ նույնականացման հավաստագիր ստանալու նպատակով, որի առկայության դեպքում Ֆիննախը դրոշմապիտակները կտա ու նոր միայն կիրականացվի առեւտուր»,- տեղեկացրեց ԱՆ տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին այս քննարկումը սկսեց նյարդայնացնել. «Ինչո՞ւ եք էդքան կենտրոնացել էդ հարցի վրա. հեչ հետաքրքիր չէ: Չեմ հասկանում՝ ի՞նչն է խանգարում գրանցված դեղի շրջանառությանը: Այս օրենքով նենց լավ բարձրացնում ենք չինովնիկությունը: Մենք չենք ուզում սոցիալիզմի գալ: Մի բան էլ եմ ուզում նկատել՝ ինչո՞ւ է գների սաստիկ տարբերություն Վրաստանում»: Սերգեյ Խաչատրյանը փորձեց բացատրել, որ կան բաներ, որոնց իրենք եւս բացատրություն չունեն. «Դրա պատճառներից մեկը կարող է լինել ԱԱՀ-ն, որը Վրաստանում ցածր է...»: «Չկա նման բան՝ իրենց մոտ ԱԱՀ-ն 18 տոկոս է, մեզ մոտ՝ 20 տոկոս, ինձ մի տնտեսագիտություն բացատրեք, ես դա շատ լավ գիտեմ: Դա գործոն չէ, ուրիշ բան ասեք»,- արձագանքեց Մանվել Բադեյանը: ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: «Դեղերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթը մտավ ԱԺ օրակարգ: