Թունավորումների մասին՝ տարբեր պաշտոնական թվեր
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին Առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ: Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Բոլորն էլ հոսպիտալացված են «Արտաշատի ԲԿ»-ում և ստանում են համապատասխան բուժում: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել: ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար: Աշխատանքները շարունակվում են: Ի դեպ ԱԻՆ-ը այլ թվեր է ներկայացնում, ըստ այդմ՝ Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում 20-ից ավելի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները աշակերտներին հոսպիտալացրել են: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: Պարզվել է, որ թունավորման նախանշաններով Արտաշատ քաղաքի ԲԿ են տեղափոխվել 28 աշակերտ: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը բավարար է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: