Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակում աղիքային վարակը չի նահանջում

Հասարակություն
armavir

Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի թունավորված բոլոր չորս անձինք դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը։ Հիմա նրանց վիճակը լավ է։ Պարոն Պողոսյանը վստահեցրեց, թե Առողջապահության նախարարության կողմից կատարվել են համաճարակաբանական բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Համայնքի ղեկավարն ինքն էլ զերծ չէր մնացել թունավորումից։ «Այսօր վերջին կաթիլայինը ստացա։ Ջերմություն չունեմ, բայց թուլություն դեռ կա»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ տեղում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը խմելու ջուրն է։ Հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել է շիգելոզ (դիզինտերիա)։ Այսօր ևս չորս երեխա է աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց։ Մեզ հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Դիանա Սուքիասյանը հայտնեց, որ այժմ երեխաների վիճակը բավարար է։ «Քանի որ վախը կա գյուղում, արդեն մի թեթև դեպքում էլ դիմում են հիվանդանոց»,-ասաց նա։ Պատճառն, ասում է, ոչ ջուրը կարող է լինել, ոչ էլ սնունդը։ «Տարբեր ընտանիքների երեխաներ են, նույն սնունդը չէին կարող ընդունած լինել, և վերջին օրերին հանքային ջուր են խմել, ոչ թե՝ ծորակի»։ Ըստ նրա՝ այս դեպքերը հիմնականում առաջանում են գյուղի պայմաններից։ «Շատերը տանը պետքարան չունեն։ Հիգիենայի կանոնները եթե պահպանեին, չէր լինի նման դեպք։ Բացի այդ, երեխաները միրգը ծառից քաղում և այդպես ուտում են, կեղտոտ ձեռքերը տանում են բերանը։ Հողի հետ են խաղում, հետո ձեռքերը չեն լվանում։ Փառք Աստծո, որ ծանր դեպքեր չեն լինում»,-շեշտեց տիկին Սուքիասյանը։ Արարատի մարզի Բաղրամյան համայնքի թունավորված 38 դպրոցականները ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Սոսիկ Բենիամինյանը։ «Մի քանի հոգու հենց նույն օրը՝ ժամը 18.00-ին դուրս գրեցին, մնացածին՝ հետո։ Երեխաների վիճակը լավ է, արդեն դպրոց են գնում»,-ասաց նա։