«Նոր Սահմանադրությունն էլ չի ապահովի դատավորների անկախությունը» (տեսանյութ)
Իրավական պետություն կառուցելու համար անհրաժեշտ է, որ ունենանք անկախ դատարաններ: «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանին մինչդեռ վստահություն չի ներշնչում դատավորներ նշանակող խորհրդի կազմի ձևավորման կարգը, որը սահմանում է առաջարկվող Սահմանադրությունը: «Այս Սահմանադրության փոփոխությունների մեջ հստակեցվում է, որ պիտի այդտեղ հինգ դատավոր լինի և չորս այլ անձինք, ովքեր որ լինեն իրավաբաններ: Ես դեմ եմ, որովհետև ստացվում է, որ դատավորների հանդեպ որևէ որոշում պետք է կայացնի արդեն մի մարմին, որտեղ որ մեծամասնությունը դատավորներ են»: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ գտնում է, որ պետք է հասարակությանը ևս ներգրավել արդարադատության իրականացման գործընթացին. «Զարգացած, իրավական երկրներում, և հատկապես նրանցից, որոնցից մենք օրինակ ենք վերցրել, հասարակությունն այս կամ այն կերպ մասնակցում է դրան: Օրինակ՝ ես շատ կուզենայի, որ նախագծում տեղ գտներ երդվյալ ատենակալների համակարգը, կամ եթե ոչ երդվյալների համակարգը, գոնե ասիզների համակարգը»: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության փոփոխված տարբերակից այն դուրս է մնացել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի որոշմամբ: