Ինչո՞վ կփոխարինվեն աշխատանքային գրքույկները (տեսանյութ)
Աշխատանքային գրքույկների՝ գործածությունից դուրս գալու մասին օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբեր 22-ից, սակայն գրքույկները դեռ պետք է լրացվեն։ «2017 թվականին աշխատանքային գրքույկների ներկայացման պահանջը աշխատանքի ընդունվողների համար հանվում է, իսկ դրանից սկսած մինչև 2019 թվականի հունվարի մեկը նախկինում վարվող աշխատանքային գրքույկներն են հանվում շրջանառությունից»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։ Հայաստանը հետխորհրդային տարածքի վերջին երկրներից է, որտեղ աշխատանքային գրքույկները դեռևս կիրառվում են։ Դրան զուգահեռ, սակայն, աշխատողների մասին տվյալները ներմուծվում են էլեկտրոնային համակարգ։ «Դրանք կարգավորումներ են, որոնք որևէ ձևով օգտակար չեն գործատուի համար, աշխատողի համար և պետության համար, պարզապես ավելորդ բեռ են, այս դեպքում՝ հենց աշխատանքային գրքույկներ վարելուն է վերաբերվում»,- նշում է նա։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ևս հնացած է համարում աշխատանքային գրքույկներ վարելու պրակտիկան, չնայած՝ որոշ ռիսկեր կան։ «Քաղաքացիների մոտ վախ կա, անվստահություն, որ հանկարծ մեկ օր պարզվի համակարգը չի աշխատի, համակարգը խզում կտա, ի՞նչ կլինի այդ ամբողջական տեղեկատվությունը»։ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ հնարավոր չէ լիովին երաշխավորել էլեկտրոնային համակարգի անխափան աշխատանքը։ «Տեղեկատվական համակարգերի ապահովության մասին ես չեմ կարող խոսել, բայց նման տեղեկատվական համակարգեր կան աշխարհի զարգացած երկրներում և վարվում են այդ տեղեկատվական համակարգերը»։ Հերիքնազ Տիգրանյանն աշխատողների իրավունքների խախտումների մեծաթիվ լինելը չի պայմանավորում աշխատանքային գրքույկի՝ լինել-չլինելու հետ։ «Ոչ թե քաղաքացին պետք է գնա բերի տեղեկանք, որ ինքն աշխատել է «Ա» կամ «Բե» գործատուի մոտ, ունի աշխատանքային ստաժի տարիներ, այլ պետական մարմինները տեղեկատվությունը փոխանակում են միմյանց միջև»։ Ի դեպ, աշխատանքային գրքույկների գործածությունից հանելուց հետո մինչև 2019 թվականի վերջ գործատուները պարտավորված կլինեն դրանք ներկայացնել պետական լիազոր մարմնին։