«Իմ անձնական կյանքը միայն իմն է». էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը զայրացած է
«Մուշեղ, Սերոժ, Ավթանդիլ...Ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ. Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիրը, բեմադրող ռեժիսոր»,-այսօր քրեակատարողական հիմնարկից «Ա1+»-ի խմբագրություն էր զանգահարել էքստրասենս, Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող երիտասարդը՝ ցանկանալով ուղերձ հղել բոլոր այն մարդկանց, ովքեր իր ստեղծագործությունները քննարկելու փոխարեն, քննարկում են անձնական կյանքը։ «Գրել եմ 26 պիես, բեմադրել 28 ներկայացում, խաղացել եմ 40 մեծ ու փոքր դերեր։ Բայց խոսում են միայն անձնականից։ Իմ անձնական կյանքը միայն իմն է։ Շատերը սկսեցին խոսել, թե քանի անգամ եմ ամուսնացած եղել, որտեղ, ինչ երեխա ունեմ և այլն։ Որոշ լրատվամիջոցներ, մշակույթի գործիչներ անցան քարկոծելու գործին, դա ինձ համար սարսափելի է։ Մտածել միայն, որ տարիներ շարունակ նվիրվել ես ժողովրդին, երկրին, մշակույթի զարգացման գործին, մասնակցել ես հանրային ակցիաների, որտեղ ժողովրդի համար ճակատագրական հարցեր են քննարկվում, և վերջում ստանում ես այսպիսի պատասխան՝ դա արդեն ցավալի է»։ Մխիթարի համար անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է ինքն այժմ ձերբակալված։ «Բայց դա օրենքն է. ինչ-որ բաներ են փորձում ճշտել։ Սակայն ես վստահ եմ, որ վերջին հաշվով կարդարացնեն ինձ, քանի որ ես ինքս ինձ մեղավոր չեմ համարում, մեղավոր չեմ Անիի սպանության մեջ»։ Նա շեշտում է՝ ինքը ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար է ձերբակալված։ Ո՞վ է այժմ զբաղվում թատրոնի աշխատանքով. «Թատրոնի ղեկավարի պարտականությունները ես ժամանակավորապես հանձնել եմ փոխտնօրեն Միքայել Արևշատյանին, ով 2014 թվականին Տարվա լավագույն դերասան ճանաչվեց»։ Կա՞ մեկն, ում ձեռնտու է երիտասարդի ձերբակալումը, Մխիթարը նշեց. «Այո, բայց այդ մեկին դեռ չեմ տեսնում»։