«Եթե կոնյակն ավելի կարևոր է, քան սահմանի մոտ ապրող բնակիչը, ի՞նչ ասեմ»
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները դիմել են Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկով` Երևանի տոնի համար նախատեսված գումարից մի հատված տրամադրել սահմանամերձ գյուղերից մեկին։ «Քաղաքապետարանից դեռ պատասխան չի ստացվել։ Միայն Հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է խոսել մի առիթով և Անահիտ Բախշյանի անունը հիշատակել, նշելով, թե նա ուզում է դիվիդենտներ շահել այդ առաջարկով։ Բայց ասեմ, որ դա տիկին Բախշյանի հետ կապ չունի»,-նշեց նախաձեռնող խմբի անդամ Լևոն Զաքարյանը։ Խմբի անդամը նշեց, որ հստակ գումար առաջարկի մեջ չի նշվել։ «Տեղյակ չեմ, որքան է տոնակատարության բյուջեն։ Դա, գիտեք, մոտեցման հարց է, որպեսզի սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները զգան, որ իրենք մոռացված չեն, ուշադրության կենտրոնում են։ Իհարկե, լավ կլիներ, որ օրինակ 10 մլն դրամ տրամադրվեր և մի գյուղում ջրի հարց լուծվեր»,-ասաց պարոն Զաքարյանը։ Նա շեշտում է՝ երկիրը սահմանից է սկսվում և քաղաքի բնակիչները և պետությունը պարտավոր են աջակցել սահման պահող գյուղերի բնակիչներին։ Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը տոնի շրջանակում միայն 30 մլն դրամ ծախսել է խմիչք գնելու և նվիրելու համար։ «Դա թողնում եմ իրենց խղճին։ Եթե կոնյակը, բաժակները ավելի կարևոր են քաղաքապետարանի համար, քան սահմանի մոտ ապրող բնակիչը, ի՞նչ ասեմ»,-շեշտեց նա։ Նշենք, որ սեպտեմբերի 24-ից change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ տոնի գումարից սահմանամերձ գյուղերին տրամադրելու հարցով։ Ստորագրահավաքին միացել է 2000-ից ավելի անձ։ Նախաձեռնությունը բյուջե չունի, մեկուկես տարվա գործունեության ընթացքում տարբեր ՀԿ-ների և անհատների միջոցով կարողացել է աջակցություն ցուցաբերել մի շարք գյուղերի։ «Մեր ֆեյսբուքյան խմբում եղած աջակիցների շնորհիվ ենք նաև ծրագրեր իրականացնում։ Գումարն այնքան էլ մեծ չէ. ամեն ամիս մոտ 200-220 հազար դրամ։ Նշեմ նաև, որ արդեն համագործակցություն կա ԿԳՆ-ի հետ»,-իր հերթին նշեց խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը։ Ասում է՝ անհատ ձեռներեցների չեն դիմել. «Կան խնդիրներ, որ պետք է պետությունը լուծի»։ Խմբի մյուս անդամ Սուրեն Էյրամջյանն էլ շեշտեց, որ թեև նախաձեռնությունը մշակութային ուղղվածություն ունի՝ փորձում է համայնքներում մշակութային կյանքն ակտիվացնել, սակայն իրենք սոցիալական աջակցություն են նաև ցուցաբերում։ «Օրինակ լինում են դեպքեր, երբ այցելելով մի գյուղ՝ տեսնում ենք, որ տվյալ ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում, փորձում ենք անպայման աջակցել նրան»։