Գումար կա, մնում է համայնքները խոշորացնել ու կտրվել խոպանի ճանապարհից
«Միջազգային ծրագրերը շատ են, բյուջեով հատկացված գումար կա, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել, այսօր համայնքների եկամուտները գրեթե կրկնակի աճել են, հնարավորություն ունենք փոքրիկ բնակավայրերում ծրագրեր իրականացնել»,- հավաստիացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Քննարկումը կազմակերպել է Երեւանի մամուլի ակումբը՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում: Բնակիչների հետ զրուցելով՝ մասնագետները պարզել են, թե որոնք են առաջնահերթությունները: Առայժմ գումարներ են ծախսվել աղբահանության հարցերի, նախադպրոցական հաստատությունների, փողոցային լուսավորության, համայնքից համայնք տրանսպորտային միջոցներով ապահովելու վրա: Համայնքների խոշորացումը, ինչպես շեշտվում է, վերաբերում է նախ կառավարման ապարատին. օրինակ կկրճատվեն համայնքապետարանների աշխատակիցները, սակայն յուրաքանչյուր գյուղում ներկայացուցիչ է լինելու որեւէ մանր ծառայություն մատուցելու, ասենք՝ տեղեկանք տրամադրելու համար: Իսկ գյուղապետարանում գրանցված հաշվապահը, որ ամիսը մի անգամ միայն աշխատավարձ էր հաշվում, կկրճատվի: Գյուղաբնակները, բնականաբար, առաջին հերթին աշխատատեղ են ուզում: Մեզ հետ զրույցում պրն Գիլոյանը վստահեցնում է՝ դա էլ կարվի, եւ ամուսինները կկտրվեն խոպանի ճանապարհից: Օրինակ մի համայնքում կաթի վերամշակման արտադրամաս են ուզում ունենալ: Նախկինում, սակայն, եղել են դեպքեր, որ չրի արտադրամաս է բացվել, բայց այդպես էլ գյուղացին չի կարողացել աշխատեցնել այն: Այս ամենը կազմակերպելու համար ժամանակ է պետք, որովհետեւ ամեն ինչ սկսում ենք սկզբից՝ ասում է պաշտոնյան: Խոշորացման արդյունքում հարուստ համայնքը կկարողանա իր հետ պահել ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող մյուս համայնքին էլ: Աշոտ Գիլոյանը մեկ այլ օրինակ է բերում ՝ Ամուլսարի աշխատանքների արդյունքում երեք համայնքների տարեկան կտրվածքով մինչեւ երկու հարյուր միլիոն գումար է փոխանցվում վարձակալության համար: Սա մեծ հնարավորություն կարող է լինել հավելյալ եկամուտ չունեցող համայնքի համար: Մեկ այլ խնդիր: Ըստ պրն Գիլոյանի՝ հատկապես փոքր համայնքներում արդյունավետ չէ ՏԻՄ ընտրություն անցկացնել, քանի որ ով մեծ ազգ, շրջապատ ունի, նա էլ հաղթում է. «Գյուղը երկու մասի էր բաժանվում ու թշնամանում էին»: Խոշոր համայնքներում, նրա կարծիքով, ավելի հեշտ է կազմակերպված ընտրություններ անցկացնել, երբ այլեւս ազգակցական կապերով հնարավոր չի դառնում ընտրություն իրականացնել: Աշոտ Գիլոյանը վստահեցնում է, որ բարեփոխումների արդյունքը մենք կտեսնենք մեկ-երկու տարի հետո: Իսկ այսօր բնակիչը դեռեւս չի հավատում. «Մեր բացատրական աշխատանքներից հետո էլ չեն հավատում մեր ասածներին»,- խոստովանում է Աշոտ Գիլոյանը: