Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրաքի եզդիները ապաստան են հայցում Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
med

Չնայած Հայաստանում եզդիական համայնքը երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս Իրաքը թողած եզդիների թիվն աննշան է։ Իրաքի հյուսիսում Իսլամական պետության զինյալների կողմից կատարված մասսայական սպանություններից մեկ տարի անց եզդիական համայնքի ընդամենը մի քանի անդամներ ապաստան հայցեցին Հայաստանից, չնայած նրան, որ այստեղ եզդիական համայնք կա, որը կընդուներ նրանց։ Հուլիսի վերջին Իրաքի քրդական Էրբիլ քաղաքից ուղիղ չվերթով Երևան ժամանեցին երեք ընտանիքներ։ Մի քանի հարյուր մարդիկ կարող են հետևել նրանց օրինակին, եթե Թուրքիայից Վրաստան անցնելիս կարողանան հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկը։ Քրդերեն խոսող եզդիները Մերձավոր Արևելքում են բնակվում։ Նրանց կրոնը նախաիսլամական արմատներ ունի և կապված է հնագույն զրադաշտականության հետ։ Իսլամական պետությունը իր առաքելությունն է համարում ջնջել երկրի երեսից իրենց հիմնարար տեսակետները չկիսող բոլորին և այս պատճառով թիրախավորել է շիա մահմեդականներին, քրիստոնյաներին, ինչպես նաև՝ եզդիներին։ 2014 թվականի օգոստոսին հազարավոր եզդիներ ստիպված եղան փախչել Մոսուլի արևմուտքում գտնվող Սինջար լեռները։ Ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց նրանց վրա, արդյունքում արևմուտքից ուղղաթիռներ ուղևորվեցին այնտեղ ջուր և սնունդ մատակարարելու նպատակով։ Վերջերս Հայաստան ժամանած Բաշար Խանամը IWPR-ին պատմեց, թե ինչպես են ինքը, կինը՝ Խաթում Քասմը և իրենց 11 երեխաները ստիպված եղել փախչել Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալ գավառից։ «Մեզ զգուշացրեցին, որ ահաբեկիչները պատրաստվում են հարձակվել։ Եղբայրս սպանվեց [տեղացի] ոստիկանների և ահաբեկիչների միջև ծագած կռվի ժամանակ։ Մենք հասկացանք, որ ոչինչ չենք կարող փոխել և որոշեցինք փախչել այնտեղից», ասաց Խանամը։ Վեց աղջիկներից երկուսը՝ 16 և 17 տարեկան ողբերգական հանգամանքներում մահացան փախուստի ժամանակ «Ահաբեկիչներից փախչելիս նրանք ժայռից ժայռ էին ցատկում և ընկան, ջարդուփշուր եղան», պատմեց Խաթում Քասմը։ Հետո, երբ նրանք սարերի միջով դեպի ապահով տեղ էին գնում ջրի և սննդի բացակայության պատճառով լուրջ հիվանդացավ դեռահաս աղջիկներից մեկը։ «Մենք հույս չունեինք, որ նա կլավանա, սակայն չթողեցինք նրան սարերում... երբ բժիշկները հետազոտեցին նրան, նա դեռ կենդանի էր», ասաց Խաթում Քասմը։ Վերջ ի վերջո նրանք հասան Իրաքի Քուրդիստանում գտնվող փախստականների ճամբար, որտեղ մինչ օրս փաստաթղթերի հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված են մնալ հինգ տղաներից մեկը և կենդանի մնացած աղջիկներից երկուսը։ Ընտանիքի մնացած անդամներին հաջողվեց Էրբիլից Երևան մեկնել, ուր տեղական հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Սինջար եզդիական ազգային միավորումը» օգնեց նրանց ապաստան, սնունդ և հագուստ գտնելու հարցում։ 19 հոգուց բաղկացած երեք ընտանիքներ, այդ թվում՝ ծերեր և երեխաներ բնակություն հաստատեցին Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվեող Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ «Սինջար եզդիական ազգային միավորումը» Խանամի ընտանիքին տեղ հատկացրեց Ռուսաստան տեղափոխված տեղացի եզդիներից մեկի տանը։ Եզդի հոգևորական Ռաշու Համոն, ում ընտանիքը Հայաստանում բնակություն հաստատած երեք ընտանիքներից մեկն է, նկարագրեց կասկածանքներով և հալածանքներով լի երկար պատմությունը։ «Իրաքի մահմեդականները չէին խմում ջուրը կամ ուտում այն հացը, որին մենք դիպչել էին», ասաց նա։ «Նրանք սխալմամբ հավատում են, որ մեր Մալաք Թավուսը [սիրամարգ- հրեշտակ] ստոր հրեշտակ է, և որ մենք՝ եզդիներս չար ուժերին ենք հավատում։ Նրանք կարծում են, թե սպանելով եզդիներին, սպանում են չար ուժերին»։ Համանի խոսքերով այդ է պատճառը, որ եզդիները միշտ զինված են եղել և պատրաստ հալածյալների կողմից ցանկացած հարձակման։ «Մի ժամանակ մենք ստիպված էինք արաբներից պաշտպանվել, իսկ հիմա՝ Իսլամական պետությունից», ասաց նա։ Եզդիները չէին կարող դիմակայել լավ զինված զինվորականներին, ովքեր գալիս էին արևմտյան Իրաքից, սպանում տղամարդկանց, իսկ կանանց և աղջիկներին ստրկության վաճառում։ «Մենք բախտավոր ենք, որ մեզ զգուշացրեցին մեր գյուղի վրա պատրաստվող հարձակման մասին և մենք կարողացանք փախչել ժամանակին», ավելացրեվ Հանամը։ 17-ամյա Ֆադիլ Բաշարը պատմեց, որ իր նշանածը այն աղջիկների մեջ էր, ում փախցրել էին Սիբա Շեյխ Խիդր գյուղից և տարել Մոսուլ։ Ավելի ուշ նա լսել էր, թե ընկերուհուն ստրկության են վաճառել Սաուդյան Արաբիայում։ «Այլևս նրա մասին ոչինչ չլսեցի», ավելացրեց նա։ Հայաստանում եզդիները ամենամեծ փոքրամասնությունն են կազմում։ 2011 թվականի մարդահամարի համաձայն Հայաստանում ավելի քան 35,000 եզդիներ են ապրում, որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 1 տոկոսը։ Բազմաթիվ եզդիներ բնակություն հաստատեցին այստեղ 19րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, շատերն էլ 1915 թվականի ջարդերի ժամանակ հայերի հետ միասին Օսմանյան կայսրությունից փախան։ Հանամի նախնիները այն մարդկանց շարքերում էին, ովքեր փախան Թուրքիայից այդ ժամանակ։ Նրանցից ոմանք բնակություն հաստատեցին ներկայիս Իրաքում, մնացած մասն էլ ապաստան գտան Հայաստանում։ «Պապիկս միշտ ասում էր, որ եթե երբևէ հնարավորություն ունենանք, պետք է Հայաստանում ապրող մեր ազգականներին գտնենք և հանդիպենք նրանց», ավելացրեց նա։ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունում աշխատանքներ են տարվում եզդի ընտանիքներին փախստականի կարգավիճակ տրամադրելու նպատակով։ Միգրացիոոն պետական ծառայության հայտարարությունում ասվում է՝ «հնարավորինս շուտ կկարգավորվեն փախստականներին կարգավիճակ շնորհելու բոլոր գործընթացները»։ ՄԱԿ-իփախստականների գործակալության արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանն IWPR-ին պատմեց, որ այժմ, ՄԱԿ-ի փախստականներիհարցերովգերագույնհանձնակատարի ներկայացուցչի օրենքների համաձայն, քննվում է երեք ընտանիքների փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումները։ Հանամի խոսքերով իր ընտանիքը Շանգալում բարեկեցիկ կյանք էր ապրում, այնտեղ թռչնաբուծական ֆերմա ունեին, մի քանի խանութներ և բենզալցակայաններ։ Նրա 25-ամյա որդին՝ Թալաքը չի էլ պատկերացնում, թե ինչպես է գումար վաստակելու Արաքսում, որտեղ գրեթե բոլորը հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում։ «Ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչպես են դա անում», ասում է նա։ Հայաստանի եզդիական համայնքը տարբեր հանրային միջոցառումների և ֆոնդահայթայթման միջոցով փորձում է հանրությանը տեղեկացնել Իրաքում իրենց ազգակիցների ծանր կացության մասին։ Եզդիների ազգային միության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը պատմեց, որ իր կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի օգնի փախստականներին ինտեգրվել, սակայն առաջնային խնդիրը որոնց նրանք բախվում էին, դա հայերենի չիմացությունն է։ Նրա խոսքով Իրաքի Քուրդիստանում գտնվող փախստականների ճամբարից շատ-շատերը կուզեին ապաստան գտնել Հայաստանում։ Մոտ մեկ տարի առաջ Համլետն ու իր կազմակերպության անդամները այցելել են Թուրքիայում գտնվող մի ճամբար՝ փորձելով իրենց հետ Հայաստան բերել մոտ 200 եզդիներ։ Չնայած նրան, որ իր կազմակերպությունը պատրաստ էր հոգալ ճանապարհածախսը, նրանք բացահայտեցին, որ փախստականներից շատերը անձնագրեր չունեն։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ քաղաքական գործիչներ իրենց ցավակցությունն են հայտնել և բազմիցս իրենց խոսքում բարձրացրել այս խնդիրը։ 2004 թվականի օգոստոսին կառավարությունը 100,000 ԱՄՆ դոլար տրամադրեց Իրաքի եզդիների օգնության համար։ Սմոյանն ասում է, որ կառավարությունն ավելին կարող էր անել։ Օրինակ, իր կազմակերպությունը խնդրել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը համագործակցել Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հետ` թեթևացնելու Թուրքիայից ճանապարհորդությունը։ Հայասանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն և սահմանը փակ է։ «Նրանք ուղղակի պետք է թողնեն Իրաքի եզդիներին անցնել թուրք-վրացական սահմանը և հետո նրանց շնորհել փախստականի կարգավիճակ Հայաստանի սահմանին [երբ նրանք կհասնեն]», շարունակեց Սմոյանը։ «Չնայած, Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ դա երկար գործընթաց է, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը պարտավորված է ամեն անհատի առանձին ստուգել»։ Արմինե Մարտիրոսյանը Կավկազսկի ուզել կայքի թղթակիցն է Հայաստանում։   Հ. Գ. Հոդվածի հրապարակումից հետո Իրաքի եզդիների երեք ընտանիքները ստացան փախստականի կարգավիճակ Հայաստանում:   Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Համաշխարհային ձայներ պարբերականից։ (www.iwpr.net)