Ծաղկաձորի ճոպանուղու խոստացած զեղչը լիարժեք չի գործել
Ծաղկաձոր քաղաքը հոկտեմբերի 3-ին նշեց իր 1020-ամյակը, ինչի կապակցությամբ քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ:
Լրատվամիջոցներով հանրությանը իրազեկվեց, որ այդ առիթով քաղաքի հյուրանոցներն ու ճոպանուղին հանգստյան օրերին քաղաքի հյուրերին կսպասարկեն 50% զեղչով: Սակայն կիրակի օրը ճոպանուղուց բացվող հոյակապ աշնանային տեսարանով 50% զեղչով հիանալ ցանկացողներին սպասվում էր խաբված լինելու տհաճ զգացողությունը եւ ճոպանուղու տոմսավաճառի «մուննաթը»:
Մեր հարցին, թե ինչու չի գործում խոստացված զեղչը, որի մասին նաեւ տեղեկություն կա Ծաղկաձորի քաղաքապետարանի կայքում, եւ որը մենք ցույց տվեցինք անբարեհամբույր տոմսավաճառուհուն, վերջինս պատասխանեց, որ տնօրենը հրահանգել է աշխատել սովորական սակագնով:
Ճոպանուղին միայն շաբաթ օրն է սպասարկել կես գնով, իսկ կիրակի օրվա համար իրենք տեղեկություն չունեն եւ քաղաքապետարանի կայքում առկա հայտարարությունն իրենց համար հիմք չէ: Նույն պատասխանը ստացանք նաեւ տարածքի պատասխանատուից, ով չցանկացավ ներկայանալ եւ ի տարբերություն անբարեհամբույր տոմսավաճառուհու համբերատար բացատրեց իրավիճակը` իրենք տեղեկացված չեն քաղաքապետարանի կողմից, կիրակի է. չեն կարողանում կապ հաստատել :
Այս անկազմակերպ «տոնից» տուժողներն իհարկե կրկին ՀՀ քաղաքացիներն էին, ովքեր լսելով հայտարարությունը` ընտանիքներով, ընկերներով տասնյակ կիլոմետրեր էին կտրել` Երեւանից կամ մարզերից Ծաղկաձոր հասնելու եւ ճոպանուղուց կես գնով օգտվելու համար: Նրանց մի մասը հիասթափված հետ էր դառնում, մյուս մասը ստիպված գնում տոմսերը, քանի որ երկար ճանապարհ էին կտրել:
Դե ինչ, Ծաղկաձոր, տոնդ շնորհավոր: