Գերմանական գիտության գաղտնիքները բացահայտվեցին Երևանում
Այսօրվանից Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայ-գերմանական գիտության օր» երկօրյա միջոցառումը, որին մասնակցում են գիտական ասոցիացիաների և համալսարանների ներկայացուցիչներ՝ երկու երկրներից: «Գերմանիայի ռեկտորների կոնֆերանսի» նախագահ Թոմաս Բոհմը բացահայտում է եվրոպական տարածքում բարձր մակարդակի կրթություն ապահովելու գերմանական գաղտնիքը. «Մենք բացահայտում ենք տաղանդներին, նրանց համար ստեղծում հրաշալի պայմաններ կրթվելու և զարգանալու, իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Գերմանական համալսարաններն ունեն նաև բարձր ինքնավարություն, սակայն մեզ մոտ խնդիրներ են առաջանում, երբ գալիս է ժամանակը նրանց պետության կողմից հատկացումների մասին որոշումներ կայացնելու: Բնական է, որ համալսարանները պետությունից ավելի շատ գումարներ են ակնկալում»: «Հելմհոլց ասոցիացիայի» ղեկավար Լյուդվիգ Ստրոինկի խոսքով՝ 4 միլիոն եվրոյից ավելի բյուջե ունեցող իրենց կառույցը հետազոտություններ է իրականացնում էներգետիկայի, շրջակա միջավայրի, առողջապահության, տիեզերքի և տրանսպորտի, նյութագիտության բնագավառներում. «Այս ոլորտներում առաջընթացը հետևանք է այն բանի, որ մենք գործընկերներ ունենք ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպական երկրներում: «Հելմհոլց ասոցիացիայում» աշխատում է ավելի քան 7000 գիտնական, շեշտը դնում ենք երիտասարդ գիտնականների վրա, ունենք երիտասարդների միավորող 180 գիտահետազոտական խումբ, տարբեր ինստիտուտների հետ իրականացնում ենք 2000 ծրագիր, ամեն տարի 400 նոր պատենտ ենք ձեռք բերում, և հասկանալու համար մեր գործունեության շառավիղը՝ նշեմ, որ մեր տարեկան բյուջեն տարեկան 84 միլիոն եվրո է»: Գերմանիայում գործող մեկ այլ գիտական ասոցիացիայի՝ «Լեբնիցի» ղեկավար Անգելա Բրուշի խոսքով՝ 89 ինստիտուտ է միավորված իրենց ասոցիացիայում: «Մեզ մոտ ավելի քան 18100 մարդ է աշխատում, 9000-ից ավելի հետազոտողներ կան, ունենք կիրառական և հիմնարար գիտություններով զբաղվողների համար նախատեսված հիանալի լաբորատորիաներ, կենտրոններ, որտեղ իրականացվում են կարևորագույն հետազոտություններ այս բնագավառներում: Իհարկե՝ մեր հիմնական գործընկերները ԵՄ-ի երկրներում են, սակայն աշխույժ է նաև հայկական գիտական աշխարհի հետ շփումները»։ Ըստ նրա՝ «Լեյբնից ասոցիացիայի» 11-ից ավելի ինստիտուտ աշխատում է Հայաստանի հետ. «Այս պահին կան երեք երկարաժամկետ ծրագիր Հայաստանի հետ, համագործակցությունը շատ խորն է հատկապես հնեաբանության ոլորտում»,- հավելում է տիկին Բրուշը: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գիտնականներն ունեն լավ պոտենցիալ, որին ծանոթ են Գերմանիայում. «Բազմաթիվ գիտնականներ աշխատում են Գերմանիայում տեղակայված լավագույն գիտական կենտրոններում, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են: Մենք ունենք նաև բարձրագույն կրթության ոլորտում արդեն 2200շրջանավարտ, որ կարողացել են գերմանական փոխանակման ծրագրերի շնորհիվ կրթություն ստանալ Գերմանիայում: Մենք ունենք նաև Հայաստանի ճանաչելիության շատ բարձր մակարդակ, Գերմանիայի կրթության և հետազոտությունների մասնագետների մոտ, որովհետև Հայաստանը Բոլոնիայի քարտուղար երկիրն է և Երևանում կազմակերպած նախարարական համաժողովն ավելի ճանաչելի դարձրեց մեր երկիրը»: Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս միջոցառումն ունի կոնկրետ նպատակներ. «Իրականացնել համատեղ գիտական և հետազոտական ծրագրեր՝ օգտվելով Հայաստանի և Գերմանիայի պոտենցիալից: Այդ ներուժի բարձրացման համար մենք պետք է ավելի լավ օգտագործենք Եվրոպական միության գործիքները, որովհետև մեծ ֆինանսական ֆոնդեր են հատկացված ինչպես ԵՄ երկրների համար, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների համար: Հատկապես Հայաստանի պարագայում, որը նախատեսում է մինչև տարեվերջ Եվրամիության «2020 ծրագրին» միանալու գործընթացը, պարզապես ասեմ, որ դա մի նոր գիտական ծրագիր է ԵՄ կողմից առաջարկված, որի անդամ, հույս ունեմ, կդառնա Հայաստանը, որը նաև տալիս է 70 միլիարդ գիտական հետազոտությունների գումար»: