Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունն ընկել է քունջուպուճաղ». Ա. Բախշյանը՝ կրկնուսույցներին հարկելու մասին (տեսանյութ)

Հասարակություն
Baxshyan

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր՝ Ուսուցչի օրվա առթիվ, շնորհավորում է բոլոր այն ուսուցիչներին, ովքեր պատվախնդիր քաղաքացի են և իրենց օրինակով կրթում են նաև աշակերտներին: Մանկավարժների համար ամենամեծ խնդիրն այսօր նա համարում է վարձատրությունը։ «Ուսուցիչների թվաքանակը երկու անգամ ավելի է՝ ուսումնական պլանով նախատեսվածից: Ստացվում է՝ դպրոցում պահանջվածից շատ են դասավանդողները, և գումարը կիսվում է: Ուսուցիչը քիչ է գտնվում դպրոցում, քիչ է ստանում և դժգոհ է: Եվ պետությունը չի գնում կտրուկ քայլերի, որպեսզի պահանջի ուսուցիչների օպտիմալ թիվ: Դա, իհարկե, կլինի շատ ցավոտ։ Աշակերտների թիվ-ֆինանսավորումը շատ ցածր է, չնչին և տարեկան ինչ-որ հազար դրամներով է ավելանում»: Հարցին, թե ինչպիսի՞ն է վերաբերմունքն այն հանգամանքին, որ որոշ ուսուցիչներ գումարի դիմաց արտաժամյա պարապում են, տիկին Բախշյանը նշեց. «Դե կրկնուսույցի աշխատանքից չեն ուզում հրաժարվել։ Երբեմն դիտմամբ վատ են անցկացնում դասապրոցեսը, որպեսզի հետո երեխաները գնան և պարապեն արտաժամյա»: Կառավարության՝ կրկնուսույցներին հարկելու որոշումը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն աբսուրդ է համարում։ «Այն, որ ամռանը հանկարծ տեսնում ես, որ հաց չունես և ձմեռային բաճկոնների գրպանից սկսում ես կոպեկներ ման գալ, հիմա դա է։ Մեր կառավարությունն ընկել է քունջուպուճաղ և մտածում է, թե ինչպես բյուջեն լցնի: Կրկնուսույցների հարկումը տգեղ նախադեպ կդառնա: Բայց հո չեն գնալու կրկնուսույցների տները, հերթով դռները բացեն, տեսնեն՝ պարապում է, թե ոչ։ Իհարկե, եթե սկսի մի չար, նախանձ հարևան մեկը մյուսի դեմ լարել, ծախել և հարկային մարմիններին գործ տալ, դա կլինի հեղինակազրկվելու հերթական քայլ»: Այն, որ որոշ դպրոցների տնօրեններ ստիպում են ուսուցիչներին մինչև ժամը 15.00-ն մնալ դպրոցում, նույնպես բացասական է գնահատում տիկին Բախշյանը. «Տնօրեններ կան, որ չեն թողնում խոսել. իրար կողքի չնստեք, իրար հետ չխոսեք, նախաճաշ չանեք, սուրճ չխմեք: Այս տեսակ տնօրենները հակացուցված են դպրոցին: Ուսուցիչները թող բարձրաձայնեն այս մասին և դիմեն, թող համարձակ լինեն»: Հաջորդ խնդիրն էլ մասնագետը համարում է այն, որ գյուղերի դպրոցներում մի դասարանում ուսուցիչը դասավանդում է տարբեր տարիքի աշակերտների, պարապում է 45 րոպե, սակայն ստանում է նախատեսված դրույքաչափի 25 տոկոսը։ «Պատգամավոր եղած ժամանակ բազմիցս առաջարկել եմ, որպեսզի պետությունը կրկնապատկի աշակերտ-թիվ ֆինանսավորումն այդ դպրոցներում: Եթե գյուղի դպրոցը չեղավ, գյուղն էլ չի լինի։ Հիմա այս հարցով դիմել եմ նախարարին»,-հայտնեց տիկին Բախշյանը։